Ijevan Branch of Yerevan State University

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում

2014թ. օգոստոսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գոհար Համզյանի հետ հանդիպում, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ:

Հանդիպման նպատակը «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության տնօրեն Պոլետ Կուտանի (Ուբուլյանի) կողմից մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության մի շարք ուսանողներին հատկացված կրթաթոշակների հանձնումն էր:

Դեռևս 2012թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության անդամներ Պոլետ Կուտանը և Բեռնար Կուտանը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել տնօրեն Ս.Առաքելյանի կողմից` որպես ֆրանս-հայկական բարեկամությունն ամրապնդող կարևոր ձեռնարկում:

Ծրագիրը ներառում էր մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրապնդում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:

2012-2013թթ. «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը կրթաթոշակ էր հատկացրել մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողների:

Ծրագրի շրջանակներում կրթաթոշակ ստացած ուսանողները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն, աջակցում ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպմանը:

Այս տարի կրթաթոշակ տրամադրվեց մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 13 ուսանողների` 2-րդ կուրսի 7 (Ամիրխանյան Հասմիկ, Խաչատրյան Արմինե, Հարությունյան Իրինա, Մադաթյան Գոհար, Մովսեսյան Էթերի, Պողոսյան Ալվինա, Սաֆարյան Մարգարիտա) և 4-րդ կուրսի 6 (Աբազյան Վանուհի, Այդինյան Բերկրուհի, Մարգարյան Դավիթ, Շահնազարյան Աննա, Վանեսյան Լուիզա, Վարդանյան Ազնիվ) ուսանողների:

Կրթաթոշակի չափը պայմանավորված է ուսանողների ցուցաբերած ակտիվությամբ:

 

 

«ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿՐԹԱՎՃԱՐ» 2014-2015 ուստարվա ուսանողների համար

ՀՕՖ-ը «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված  բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով,  ընդունվել վճարովի ուսուցման համակարգ և պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:

«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.

Մրցույթին մասնակցել ցանկացողները  մինչև օգոստոսի 11-ը ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ  (կամ մինչև օգոստոսի 10-ը` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով)  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ԴԻՄՈՒՄ (ձևը կարող եք վերցնել նաև ՀՕՖ-ից, բուհի ընդունելության հանձնաժողովից),

• Անձնագրի պատճենը,

• Միջնակարգ կրթության վկայականի պատճենը,

• Միասնական քննությունների գնահատականները,

• ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ,

• Ընտանիքի սոցիալական անձնագրի պատճենը (առկայության դեպքում),

• Տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

1. Ներկայացված փաստաթղթերի քննում,

2. Ուսանողների տուն կատարված այցերի արդյունքների ամփոփում,

3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին (060) 52 66 60 հեռախոսահամարով:

Աղբյուրը` www.facebook.com/farusa

 

Տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2014թ. հուլիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնումը կազմակերպվել էր ըստ տարածաշրջանների: Հուլիսի 9-ին դիպլոմները հանձնվեցին Բերդի տարածաշրջանում, հուլիսի 10-ին` Նոյեմբերյանի տարածաշրջանում, իսկ հուլիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ում հանձնվեցին Իջևանի, Դիլիջանի տարածաշրջաններից և մյուս մարզերից մեր շրջանավարտների դիպլոմները:

 

Հանդիսավոր արարողությանը ներկա էին մասնաճյուղի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, շրջանավարտներ, ծնողներ, հրավիրված էին մարզի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

 

2014թ. շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին և շնորհավորեցին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, ֆակուլտետների դեկանները:

 

«Այսօր հավաքվել ենք շատ հաճելի արարողություն կատարելու` դիպլոմներ հանձնելու համար: Դիպլոմը ոչ միայն կրթություն, այլև դաստիարակություն է այնքանով, որքանով դուք կարող եք ազդեցություն ունենալ ձեր շրջապատի, ձեր երեխաների վրա»,- մասնավորապես նշեց Ս.Առաքելյանը:

 

Եվս մեկ անգամ շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով շրջանավարտներին` տնօրենը համոզմունք արտահայտեց, որ դիպլոմը կարևոր ուղեգիր կդառանա կյանքում իրենց տեղը գտնելու համար:

 

Շնորհակալական խոսքով հանդես եկավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Ռուզաննա Ափինյանը. «Ինչպես Ալբերտ Այնշտայնն է ասել, կրթությունը այն է, ինչը մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես այն ամենը, ինչը սովորեցրել են»:

 

Ուսումնառության տարիները պատկերավոր ձևով համեմատելով եղինջի վրայից լեզվով մեղր վերցնելու գործընթացի հետ` նա շնորհակալություն հայտնեց ոչ միայն տրված գիտելիքների, այլև ուսումնառության ընթացքում հանդիպած դժվարությունների համար, որոնց հաղթահարումը է՛լ ավելի կոփեց և տոկուն դարձրեց իրենց:

 

 

 

Ելույթ ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Մերի Սահակյանի տատիկը` վաստակավոր մանկավարժ Վերա Պետրոսյանը, շնորհակալություն հայտնեց մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմին` ուսանողներին տված որակյալ կրթության համար:

Ի գիտություն 2014թ. շրջանավարտների

Ի գիտություն 2014թ. շրջանավարտների

ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի 2014թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունները տեղի կունենան ըստ տարածաշրջանների` հետևյալ ժամանակացույցով.

  • Բերդի տարածաշրջան – 09.07.2014թ., ժամը 12:00, Բերդ քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճ,
  • Նոյեմբերյանի տարածաշրջան – 10.07.2014թ., ժամը 12:00, Նոյեմբերյան քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճ,
  • Իջևանի, Դիլիջանի տարածաշրջաններ և մյուս մարզեր – 12.07.2014թ., ժամը 11:00 (առկա ուսուցում), 13:00 (հեռակա ուսուցում), ԵՊՀ ԻՄ-ի Կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճ: