2014թ. սեպտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր ուսումնական տարին:
Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, Իջևանի N զորամասի հրամանատարական կազմը, նույն զորամասի նվագախումբը, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:
Միջոցառումը սկսվեց ՀՀ պետական օրհներգով, որից հետո ուսանողներին իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը:
Տնօրենը նրանց մաղթեց ուսանողական բեղմնավոր տարիներ, գիտելիքների անսպառ ձեռքբերում և հաճելի ընկերական շրջապատ: Բարձր կուրսեցիներին կոչ արեց սիրով ու ջերմությամբ ընդունել նորեկ ուսանողներին, օրինակ ծառայել լավ սովորելու, գիտելիքներ ձեռքբերելու գործում:
Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ ուսանողներին ողջունեց Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սահակյանը` մասնավորապես նշելով, որ ուսանողը պետք է լինի զինվորի նման կարգապահ ու հայրենիքի նվիրյալ զավակ:
Այնուհետև առաջին կուրսեցիներին իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն ուղղեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը՝ շեշտելով, որ ուսանող լինելը մեծ պատիվ է, իսկ ուսանողի կոչմանն արժանանալը՝ մեծ պատասխանատվություն:
Նա ողջունեց մեր առաջին կուրսեցիների նորամուտը բուհ, որտեղ իշխում են ջերմությունն ու ուրախությունը, ընկերությունն ու ներդաշնակությունը: Նա ուսանողներին կոչ արեց ներգրավվել ուսխորհրդի աշխատանքներում` առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելով ուսանողական առօրյան:
Մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ, ԵՊՀ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Գոհար Պետրոսյանը, ով 2013թ. ճանաչվել էր ԵՊՀ-ի լավագույն ուսանող, գիտելիքի բանալին հանձնեց առաջին կուրսեցիներին, մաղթեց, որ այդ բանալին բացի նոր, ավելի լայն ու նպատակային դռներ:
Նա նշեց նաև, որ մեծ ցավով ու ափսոսանքով է հեռանում մասնաճյուղից, որ լավագույն կրթօջախն է եղել իր համար, խոստացավ բարձր պահել մասնաճյուղի պատիվը, լինել իր ընտանիքին, հայրենիքին արժանի զավակ: Առաջին կուրսեցիներն էլ, ընդունելով բանալին, խոստացան լինել արժանի հետևորդներ և հպարտությամբ կրել ուսանող լինելու պատիվը:
Միջոցառման ընթացքում իրենց հաճելի ելույթներով հանդես եկան մասնաճյուղի շնորհալի ուսանողները, Իջևանի զորամասի նվագախմբի տղաները:
Տոնական միջոցառումն ավարտվեց ուսանողական խորհրդի անդամների և զորամասի նվագախմբի մասնակցությամբ գեղեցիկ կատարումով: