Sorry, this entry is only available in Armenian.
Իրադարձություններ
(Հայերեն) ԵՊՀ-Ն՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀ
2015-2016 ուստարում մասնաճյուղի մի քանի աշատակիցներ արժանացան մեդալների
2015թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացած Գիտական խորհրդի ընդլայնված նիստում անբասիր, արդյունավետ աշխատանքի և մասնաճյուղում կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԵՊՀ-ի հուշամեդալով պարգևատրվեցին ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանը:
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից հուշամեդալ տրվեց զոհված ազատամարտիկի այրի, մասնաճյուղի գրադարանի վարիչ, երկարամյա նվիրված աշխատակցուհի Ալվինա Վաղարշակի Առուստամյանին:
Մարիետա Ալբերտի Ճաղարյանը 1992 թվականից աշխատում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ սկզբում որպես Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս, այնուհետև «Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների» ամբիոնի ասիստենտ: Նա դասավանդում է «ԷՀՄ և ծրագրավորում», «Տվյալների կառույցներ», «Ալգորիթմների տեսություն» դասընթացները:
2009 և 2012 թվականներին իր աշխատանքային պարտականությունները լիարժեք ու բարեխղճորեն կատարելու համար ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից արժանացել է պատվոգրերի:
Մ.Ճաղարյանը 2013 թվականից համատեղությամբ աշխատում է նաև մասնաճյուղի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնում, ակտիվորեն մասնակցում է մասնաճյուղում որակի ապահովման գործընթացների իրականացմանը, 2013-14 թթ. մասնակցել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ դասընթացներին և ստացել Որակի ապահովման գործընթացի աջակցի հավաստագիր: Նրա ակտիվ մասնակցությամբ մշակվել և ներդրվել են մի շարք կանոնակարգային փաստաթղթեր, մեթոդական ուղեցույցներ: Նա մշտապես իրականացնում է խորհրդատվություններ մասնագիտությունների կրթական ծրագրերի, դասընթացների փաթեթների (պորտֆոլիոների) կազմման աշխատանքներում:
Որպես ծրագրավորող՝ Մ.Ճաղարյանն իր մեծ ներդրումն ունի ֆակուլտետների դեկանատներում, Անձնակազմի կառավարման բաժնում և մասնաճյուղում իրականացվող հարցումների համար տվյալների հավաքագրման ու մշակման համապատասխան ծրագրային համակարգերի ստեղծման և տեղադրման գործում:
2014թ. նա հրատարակել է «Տվյալների կառույցներ» ուսումնական ձեռնարկը` նախատեսված Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ուսանողների համար:
Վարդիթեր Գուրգենի Պողոսյանը 2011 թվականից ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչն է: Նա փետրագնդակի միջազգային կարգի սպորտի վարպետ է, Հայաստանի բազմակի չեմպիոն, Սովետական միության (1980թ.), Եվրոպայի չեմպիոն (Գերմանիա, 1980թ.), Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն (Ֆրանսիա, 1981թ.), Համահայկական 5-րդ և 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր (2011 և 2015 թթ.):
1995 թվականից Վ.Պողոսյանն աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆիզիկական դաստիարակություն» ամբիոնում որպես դասախոս, այնուհետև (2010թ.) որպես ասիստենտ, 2011 թվականից՝ Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ:
Վ.Պողոսյանը` որպես ամբիոնի վարիչ, իրականացնում է աշխատանքային բուռն գործունեություն: 2011-2012 ուստարում նա ԵՊՀ ԻՄ-ում հիմնեց փետրագնդակի խմբակ, որտեղ մարզում և նախապատրաստում է մեր ուսանողներին՝ մասնակցելու տարբեր մրցաշարերի:
2011 թվականից ի վեր մասնաճյուղում անցկացրել է վոլեյբոլի, բասկետբոլի, փետրագնդակի, բազկամարտի, շախմատի, սեղանի թենիսի և այլ մարզաձևերի բաց և մասնաճյուղային բազմաթիվ առաջնություններ, սպորտլանդիաներ: Վ.Պողոսյանի նախաձեռնությամբ մեր ուսանողները մասնակցել են Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀ–ում կազմակերպված մարզային փառատոների, առաջնությունների և վերադարձել են հաղթանակներով:
2015թ. օգոստոսի 2-13-ը Երևանում կայացած Համահայկական 6-րդ ամառային խաղերում` «Բադմինթոն» մարզաձևում, նա պատվով ներկայացրեց Իջևան քաղաքը` երկրորդ անգամ նվաճելով Համահայկական խաղերի ոսկե մեդալը:
Ալվինա Վաղարշակի Առուստամյանը 1978թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրումից ի վեր Ալվինա Առուստամյանն ամենայն պատասխանատվությամբ ու բարեխղճությամբ աշխատում է մասնաճյուղում՝ սկզբում որպես լաբորանտ, 2002 թվականից՝ որպես գրադարանի վարիչ:
Տիկին Ալվինան իր պատրաստակամության, անսահման բարության, առաքինության շնորհիվ մասնաճյուղում վայելում է համընդհանուր սեր և հարգանք՝ թե՛ ուսանողների և թե՛ աշխատակիցների կողմից:
2012թ. իր աշխատանքային պարտականությունները լիարժեք ու բարեխղճորեն կատարելու համար ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից արժանացել է պատվոգրի և հուշանվերի:
2015-2016 ուստարում ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ, լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից պարգևատրվեց «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:
ԵՊՀ ՎԱՐԴԱՆԱՆՔ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑԻՆ ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԸ
2015թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ Վարդանանք Ռազմահայրենասիրական Դաստիարակության Ակումբի անդամներին` նախագահ Սաթենիկ Աբրահամյանի և փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանի գլխավորությամբ, հյուրընկալեց մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:
Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ ակումբի և ընդհանրապես մասնաճյուղի գործունեությանը, երկու ակումբների միջև ծավալել և խորացնել համագործակցությունը, համատեղ ծրագրեր իրականացնել:
Նախ Վարդանանք ակումբի անդամները մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի ուղեկցությամբ շրջեցին ԵՊՀ ԻՄ-ի 2 մասնաշենքերով ու 4 ֆակուլտետներով, դեկանները հյուրերին ներկայացրին ֆակուլտետներում գործող ամբիոնները, մասնագիտությունները, լաբորատորիաները, համակարգչային սրահները, արվեստանոցները և այլն:
Հյուրերի վրա մեծ տպավորություն գործեց հատկապես Կիրառական արվեստի ֆակուլտետը, ուր նրանք ծանոթացան ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) ստեղծագործություններին, դրանց ստեղծման տեխնիկային:
Ապա տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանի հետ, ով ողջունեց համագործակության առաջին քայլը, ներկայացրեց մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի գործունեության նպատակը, գլխավոր խնդիրները, որպեսզի ավելի տեսանելի լինեն երկու ակումբների համագործակցության եզրերը:
Նշվեց, որ «Տավուշ» ակումբը կոչված է բարձրացնելու ուսանողների, երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին, նպաստելու նրանց հասարակական գործունեության ակտիվացմանը:
Այն համագործակցում է ԵԿՄ վարչության, ՀՀ ԶՈՒ ՊՆ տարբեր զորամասերի, մարզում առկա հասարակական կազմակերպությունների, դպրոցների, ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի հետ:
Զրույցը շարունակվեց ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, երկուստեք եղան առաջարկներ:
Հանդիպման վերջում ԵՊՀ Վարդանանք Ռազմահայրենասիրական Դաստիարակության Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշեց, որ հետայսու այսպիսի հանդիպումները շարունակական են լինելու և, իհարկե, կլինեն ծրագրեր, որոնք ակումբները համատեղ ջանքերով կիրականացնեն:
Փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը (Թաթուլ Կրպեյանի քույրը) տնօրենին նվիրեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված գիրքն ու Վարդանանք պարբերաթերթի հատուկ թողարկումը, որտեղ անդրադարձ էր կատարվել Թաթուլին, նրա կյանքին ու գործունեությանը, հերոսի հոբելյանին նվիրված գրեթե բոլոր միջոցառումներին, Թաթուլ բանաստեղծին ու արվեստագետին:
Այնուհետև Վարդանանք ակումբի անդամները հանդես եկան Թաթուլ Կրպեյանի կյանքի մասին կենսագրական տվյալներով ու փաստերով, ներկայացրին հերոսի հայտնի և անհայտ լուսանկարները, հայրենիքին, մորը, քրոջը նվիրված բանաստեղծությունները:
Մայր բուհի Վարդանանք Ռազմահայրենասիրական Դաստիարակության Ակումբը մասնաճյուղից հեռացավ ջերմ տպավորություններով ու հույզերով, համագործակցության ծրագրերի նախագծերով:
Հանդիպման բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:
Կոմանդոսի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
2015թ. հոկտեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակից, ռազմական գործիչ, ԼՂՀ Ազգային հերոս, ՀՀ «Մարտական խաչ» առաջին շքանշանի դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) հետ:
Հանդիպմանը ներկա էին Արցախյան ազատամարտի մասնակից, «Սոսե Մայրիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Մարիամ (Դերվիշ) Ստեփանյանը, Տավուշի մարզի կրթական, ռազմական և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ, «ՍՕՍ-մանկական գյուղեր»-«Իջևան» մասնաճյուղի սաներ, Երկրապահ կամավորական միության շարքերում ընդգրկված պատանիներ, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, ուսանողներ, հյուրեր:
Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ներկայացրեց իր կյանքից հետաքրքիր դրվագներ, անցյալից դասեր քաղելու նպատակով աղերսներ անցկացրեց պատմության և ժամանակակից կյանքի իրադարձությունների միջև, մատաղ սերնդի առջև մեկնեց «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն» պատգամն ավանդող կենաց և մահու կռվի` Վարդանանց պատերազմի խորհուրդը:
Հանդիպման ժամանակ մեծարանքի և երախտիքի խոսքով հանդես եկավ Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սահակյանը` ընդգծելով, որ մեծ պատիվ է գտնվել այդպիսի մեծության կողքին, ականջալուր լինել և հետևել նրա խորհուրդ-խրատներին, ընդհանոր գծերով ներկայացրեց Կոմանդոսի սխրանքը, Շուշիի ազատագրման պլանի կազմումը բնորոշեց որպես «ժամանակակից մարտարվեստի գլուխգործոց»:
Ելույթ ունեցավ և Արցախյան ազատամարտի մասնակից, «Սոսե Մայրիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Մարիամ (Դերվիշ) Ստեփանյանը` գծագրելով Արկադի Տեր-Թադևոսյանի մարդկային և հերոսական բարձր կերպարը, շեշտելով, որ այսօր էլ նա մեծ ներդրում ունի զինվորական պատրաստվածություն անցնելու գործում:
Հանդիպման մասնակիցները լեգենդար հերոսին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին նրա կյանքի հերոսական ուղուն, Շուշիի ազատագրմանը, Խոջալուի դեպքերին:
Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939թ. մայիսի 22-ին Թբիլիսիում։ Ավարտել է զինվորական ուսումնարան Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, 1987 թվականից` Հայաստանում։
1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։
1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։
1991թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան)։
1992թ. մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիավորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը, և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։ Պարգևատրվել է ՀՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։
Այժմ Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերության (ԴՕՍԱԱՖ) կենտրոնական խորհրդի նախագահն է: