Ijevan Branch of Yerevan State University

Հոկտեմբերի 22-ի տնօրենության ընդլայնված նիստում

2016թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի պատասխանատուները:

Տնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին կրթական ծրագրերի պատասխանատուների կատարած աշխատանքներին, ամբիոնների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նիստի ընթացքում ընդգծվեցին ուսումնական գործընթացը համակարգող երեք կարևոր օղակների (դեկանատ, ամբիոն, մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու) գործառույթները, նրանց արդյունավետ ու փոխհամաձայնեցված գործունեության ուղիները:

Հանձնարարվեց ամբիոնների վարիչներին, կրթական ծրագրերի պատասխանատուներին մեծ ուշադրություն դարձնել կրթական ծրագրերի հետ կապված հարցերին, ուսանողների կողմից բարձրացված խնդիրներին, հաճախակի կազմակերպել գիտագործնական կոնֆերանսներ, բաց դասեր, գիտաժողովներ՝ դրանցում ընդգրկելով ուսանողներին:

Մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի ընդլայնված նիստում

2016թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի ընդլայնված նիստ՝ մասնաճյուղի տնօրեն Ս.Ա.Առաքելյանի նախագահությամբ:

Ընդլայնված նիստին մասնակցում էին ամբիոնի անդամները՝ ամբիոնի վարիչի ԺՊ, մ.գ.թ., ասիստենտ Լ.Հարությունյանի գլխավորությամբ, հրավիրված էին «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության I-IV կուրսերի ավագները:

 

Նիստի ընթացքում քննարկվեցին 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի 1-ին ընթացիկ քննությունների թեստերի հաստատմանը, ամբիոնի դասախոսների գիտաուսումնական ու մեթոդական գործունեությանը,  Գործնական հոգեբանության ակումբի ստեղծմանը, ստեղծագործական աշխատանքների (Էսսե, մրցույթ և այլն) կազմակերպմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ուսումնառության գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է քննությունների թեստերն ու հարցաշարերը պարբերաբար վերանայել համապատասխան մասնագետների կողմից, դրանք հարստացնել տրամաբանական լուծում պահանջող հարցերով: Այդ մեխանիզմով կարելի է բացառել   արտագրություններն ու հուշումները, ուսանողների իմացությունը հասցնել ավելի բարձր մակարդակի:

Նիստի ընթացքում հաստատվեցին ընթացիկ քննությունների թեստերը:

Ամբիոնի դասախոսների գիտաուսումնական ու մեթոդական գործունեության հարցի վերաբերյալ առաջարկեցին հոդվածների տպագրության հետ կապված նշանակել պատասխանատու, ով կվերահսկի հոդվածների կազմման և տպագրման գործընթացը: Տնօրենը և ամբիոնի վարիչը դասախոսներին քաջալերեցին, որ առավել ակտիվություն ցուցաբերեն գիտական զեկուցումներով հանդես գալու, հոդվածներ տպագրելու հարցում: 

Մյուս հարցի հետ կապված՝ ամբիոնի վարիչը և դասախոսները հիմնավորեցին Գործնական հոգեբանության ակումբի ստեղծման անհրաժեշտությունը, ներկայացրին նպատակը, խնդիրները: Նշվեց, որ ակումբի ստեղծման նպատակն է զարգացնել ուսանողների կառուցողական շփման ունակությունները՝ կյանքի զանազան իրավիճակներ քննարկելու, անհատական խորհրդատվություններ տալու, հոգեբանական վարժություններ, թրեյնինգներ, կլոր սեղաններ, հոգեբանական թեմաներով ազատ բանավեճեր կազմակերպելու միջոցով:

Որոշվեց ստեղծել Գործնական հոգեբանության ակումբ, կազմել և ներկայացնել ակումբի գործունեության պլան-ծրագիրը:

Հաջորդ հարցի առթիվ որոշվեց կազմակերպել ստեղծագործական աշխատանքներ, ներկայացնել դրանց ծրագրերը:

Ամփոփելով նիստը՝ տնօրենը ամբիոնի դասախոսներին հորդորեց լինել առավել ակտիվ, ամբիոնում ստեղծել ուսանողակենտրոն միջավայր, որտեղ աշխատելը ուսանողների և դասախոսների համար կլինի հաճելի, օգտակար և հետաքրքիր, հավելեց, որ ամբիոնի աշխատանքները բարելավելու, ուսումնական գործընթացը առավել ճիշտ կազմակերպելու գործում կպահանջվի ամբիոնի անձնակազմի բարեխիղճ մասնակցությունը: