Ijevan Branch of Yerevan State University

Կայացավ սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնությունը

2014թ. սեպտեմբերի 27-ին Իջևանի «Արնար» մարզադաշտում կայացավ սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն` նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարելիցին:

Առաջնությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետներից 8 թիմ (Հումանիտար գիտությունների ֆակուլտետից` 3, Տնտեսագիտության ֆակուլտետից` 1, Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետներից` 2-ական թիմ):

Որպես մրցավարներ հրավիրված էին Արմեն Խաչատրյանը և Ռիտա Դավթյանը:

Մասնակիցները համառ պայքար մղեցին 5 մրցաձևերում` պարանի ձգում, խաղային փոխանցումավազք` 30 մ, 80 մ, թենիսի գնդակներով, օղակներով:

Առավելագույն միավորներ հավաքած Կիրառական արվեստի ֆակուլտետի 2-րդ թիմը գրավեց առաջին տեղը, երկրորդ տեղը գրավեց նույն ֆակուլտետի 1-ին թիմը, երրորդ տեղը զբաղեցրեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը:

Հաղթող թիմը տնօրենության կողմից պարգևատրվեց գավաթով և պատվոգրով, երկրորդ և երրորդ տեղ գրաված թիմերը` հուշանվերով և պատվոգրով:

Առաջնությունը կազմակերպվել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանի, ՈՒԽ նախագահ Ռազմիկ Հովսեփյանի համատեղ ջանքերով, իրենց աջակցությունն էին ցուցաբերել «Արնար» մարզադաշտի տնօրեն Ա.Ղալումյանը և Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը:

 

Տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում

2014թ. սեպտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Խաչատուր Վարդանյանը:

Միջոցառմանը ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ Խ. Վարդանյանը` ընդհանուր գծերով անդրադառնալով Համո Սահյանի բանաստեղծական ժողովածուներին («Որոտանի եզերքին» (1946), «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր» ժողովածուն (1972), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986), «Ինձ բացակա չդնեք» (1998), նրանցում արտահայտված հիմնական մոտիվներին:

Այնուհետև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները ներկայացրին Հայաստանի, հայրենի բնաշխարհի, սիրո, մարդկային դրամատիկ ապրումների թեմաներով Համո Սահյանի խորունկ բանաստեղծությունները («Հայաստան ասելիս», «Անունդ տալիս», «Մեր լեզուն», «Օրը մթնեց», «Քեզ մեղա», «Դու իմ կյանքն էիր», «Աշխարհի ցավը քո մեջ», «Այս ի՞նչ է կատարվել աշխարհում», «Ինձ բացակա չդնեք» …):

Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Խ.Վարդանյանը, բ.գ.թ., ասիստենտ Ա.Հասանյանը` ընդծգելով, որ երբևէ առիթը բաց չպիտի թողնել հիշելու և մեծարելու դարերի իմաստությունն իրենց մեջ ամբարած մեր մեծ փլիսոփա-բանաստեղծներին` մասնավորապես Համո Սահյանին:

 

Կայացավ «Լեզվի իմացության սահմաններն են որոշում մեր աշխարհի սահմանները» խորագրով միջոցառումը

2014թ. սեպտեմբերի 26-ին` Եվրոպական լեզուների միջազգային օրվա կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Լեզվի իմացության սահմաններն են որոշում մեր աշխարհի սահմանները» խորագրով միջոցառում:

Այն կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնի դասախոս Շուշանիկ Գրիգորյանը:

Միջոցառմանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողները:

«Լեզվի իմացության սահմաններն են որոշում մեր աշխարհի սահմանները» խորագրով միջոցառման ընթացքում ներկայացվեցին աշխարհի տարբեր լեզվաընտանիքներին պատկանող 13 լեզուներ (լատիներեն, չինարեն, կորեերեն, հնդկերեն, ռուսերեն, ուկրաիներեն, իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն, հունարեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն):

Ուսանողները ներկայացրին տարբեր լեզվամշակութային խորհրդանիշներ, որոնք ամփոփված էին տվյալ երկրների օրհներգերում, դասականների գրական ստեղծագործություններում: Ելույթներն ուղեկցվում էին համապատասխան շնորհանդեսներով:

Միջոցառումը բավականին հետաքրքիր էր և ուսանելի: Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ. Ալեքսանյանը, Օտար լեզուների, հայոց լեզվի և գրականության ամբիոնների դասախոսներ:

ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությունը  վերանվանվեց «Հոգեբանություն»


2014թ. սեպտեմբերի 25-ին Մայր բուհում կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս ուստարվա անդրանիկ նիստը՝ օրակարգային 7 հարցերով:

2014-2015 ուստարվա 1-ին կիսամյակի ժամանակացույցի հաստատումից հետո գիտխորհուրդն անցավ հաջորդ ուստարվա բակալավրիատի ընդունելության մասնագիտությունների ցանկի հաստատմանը: Հաջորդ տարի ընդունելությունն իրականացվելու է 53 մասնագիտությունների գծով՝ ի տարբերություն այս տարվա 55-ի:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էլ թեպետ թափուր տեղեր են մնացել, այնուամենայնիվ բոլոր մասնագիտությունները լրացվել են, և հաջորդ ուստարվա ընդունելության համար մասնագիտությունների ցանկը մնում է անփոփոխ: Գիտխորհրդի որոշմամբ՝ միայն մասնագիտություններից մեկը՝ «Մանկավարժություն և հոգեբանություն»-ը վերանվանվեց «Հոգեբանություն»:

«Մենք պետք է հարցին իրատեսորեն մոտենանք: Տեսնելով, որ մրցակցությունն ուժեղանում է վերջին տարիներին, պետք է լուրջ ուշադրություն դարձնենք նաև ավագ դպրոցների հետ աշխատանքին»,- այս ուստարվա ընդունելությունն ամփոփեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

ԵՊՀ գիտխորհուրդը որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարեց ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում: Դրանք պայմանավորված էին «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում հունիս ամսին կատարված փոփոխություններով: Ըստ այդմ՝ ուսանողական վարձերի ընդհանուր գումարի 7%-ի չափով բուհը պարտավոր է կատարել զեղչեր: Ընդհանուր առմամբ համալսարանական կանոնակարգը համապատասխանեցվել է օրենքին: Այն քննարկվել և հավանության է արժանացել նաև գիտխորհրդի կանոնակարգային հանձնաժողովում:

Նիստի ընթացքում հաստատվեց նաև ԵՊՀ կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի կանոնադրությունը: Ի դեպ, կենտրոնի ստեղծման մասին որոշումը գիտխորհուրդը կայացրել է բոլորովին վերջերս:

Օրակարգային հարցերից մեկն էլ ԵՊՀ ասպիրանտի/հետազոտողի և գիտական ղեկավարի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևանմուշի հաստատումն էր: Դա անհրաժեշտ է ամբիոն-ասպիրանտ-Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժին հարաբերությունները կանոնակարգելու համար: Քննարկումից հետո, սակայն, գիտխորհուրդը որոշեց այդ հարաբերությունները կարգավորել ոչ թե պայմանագրի, այլ  ռեկտորի հրամանի միջոցով, որում հստակ ձևակերպված կլինեն բոլոր կողմերի պարտականությունները:

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի իրականացման՝ 2013-2014 ուստարվա 2-րդ կիսամյակի և 2011-2014 թթ. արդյունքների մասին հաղորդումը ներկայացրեց Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը:

Այս կիսամյակում պարտադիր դասընթացներին մասնակցել է 1047 ունկնդիր, ովքեր ընդհանուր առմամբ հավաքել են 2312 կրեդիտ: Ընդհանուր կրթական կառուցամասում ունկնդիրների թիվը եղել է 2023, ովքեր հավաքել են 3993 կրեդիտ, իսկ հետազոտական-մեթոդական կառուցամասին մասնակցել են 397 դասախոսներ, ովքեր ներկայացրել են 1685 աշխատանք և հավաքել 3642 կրեդիտ: Հիշեցնենք, որ դասախոսների որակավորման բարձրացման ծրագրին մասնակցում  է ԵՊՀ հիմնական դասախոսական կազմը:

Գիտխորհուրդը հաստատեց նաև անվանական կրթաթոշակ ստացող 46 ուսանողների ցանկը:

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեց և հավանության արժանացավ ԵՊՀ-ում ձեռներեցության զարգացման կենտրոն ստեղծելու առաջարկը, որը խթանելու է ուսանողների ձեռներեցությունը:

«Հատկապես բնագիտական թևի ֆակուլտետներում ուսանողները կարող են ունենալ հետաքրքիր գաղափարներ, որոնք որոշակի շղթա անցնելուց հետո կարող են դառնալ բիզնես նախագծեր՝ Start up-ներ: Այսօր ՏՏ ոլորտում գործող հսկաներից շատերը եղել են ուսանողական նախագծեր»,- ասում է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Աղբյուրը` ysu.am

Տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

  2014թ. սեպտեմբերի 20-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարելիցի կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության և Բնական գիտությունների ֆակուլտետներից ուսանողներ:

Առաջնությունը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի կողմից:

Խաղերը տեղի ունեցան շրջանաձև:

Եզրափակիչ դուրս եկան Տնտեսագիտության և Բնական գիտությունների ֆակուլտետների թիմերը:

Առաջնությունում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը, որը տնօրենության կողմից պարգևատրվեց փոխանցիկ գավաթով, հուշանվերով և պատվոգրով: