Ijevan Branch of Yerevan State University

«ԵՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«ԵՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` հայտարարվել է «Լավագույն ուսանող 2015» մրցույթի անցկացման մասին:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում և անցկացվում է տարին մեկ անգամ: 

 Նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:

 Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները:

 Մասնակցության (որպես թեկնածու առաջադրվելու) համար ուսանողը, սահմանված կարգի համաձայն, պետք է ներկայացնի համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթերը: Հայտերը պետք է լրացվեն առցանց՝  beststudent.ysu.am էլեկտրոնային հասցեով:

 Նշված ինտերնետային գործիքի միջոցով անհրաժեշտ է ստեղծված հայտը տպել, ստորագրել, կցել պահանջվող այլ փաստաթղթեր և մինչև 2015թ. հոկտեմբերի  22-ը՝ ժամը 16:00-ը, ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 1-ին հարկ):

 «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգը տեղադրված է ԵՊՀ պորտալում:

 Մրցանակաբաշխության մասնակիցը պետք է ծանոթանա նշված կարգին, որպեսզի ապահովի համապատասխան փաստաթղթերի առկայությունը (պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների բնութագիր (առավելագույնը երկու բնութագիր), ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահի բնութագրերը, տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր, ներհամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան) և այլն):

«Լավագույն ուսանող 2015» մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2015թ. նոյեմբերի 17-ին կայանալիք  «Լավագույն ուսանող 2015» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որն այս տարի նվիրվում է Հայաստանի ազգային հերոս, ԵՊՀ շրջանավարտ Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին:

 Մրցույթին մասնակցելու հետ կապված ցանկացած հարցով ուսանողները կարող են դիմել ֆակուլտետի դեկանատ կամ «Լավագույն ուսանող 2015» ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովին (Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ):

Աղբյուրը՝   ysu.am