Иджеванский филиал Ереванского государственного университета

Հանդիպում դեկանների և մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ

2016թ. հունիսի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց ֆակուլտետների դեկանների, մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ:

Ներկա էին և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Ուսանողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ա.Հովհաննիսյանը, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցման (2015-16 ուստարի, առկա ուսուցում) արդյունքներին, 2016թ. առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորմանը և 2015-16 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի արդյունքներին վերաբերող հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ 2011 թվականից սկսած՝ ԵՊՀ ԻՄ-ում իրականացվում է  մասնաճյուղում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցում, որի արդյունքները մեծապես օժանդակում են մասնագիտական կրթության ուսումնական պլանների ճշգրտմնան, դասավանդման մեթոդների կատարելագործման, ուսանողների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների զարգացման, բուհի կառավարման բազմաթիվ խնդիրների լուծման գործում: Շեշտվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությունը առանձնակի է կարևորում շրջանավարտների հարցումը, քանզի համոզվածություն կա, որ այստեղ պատասխաններն ավելի համարժեք են, իսկ հետևությունները՝ գիտականո­րեն ավելի հիմնավոր:

Հանդիպման ընթացքում ըստ մասնագիտությունների ներկայացվեցին հարցումների արդյունքները, քննարկվեցին մասնաճյուղի՝ շրջանավարտների կողմից վերհանված ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ կատարված առաջարկությունները:

Ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցումն իրականացվել է գնահատման 5-բալանի սանդղակով:

Ընդհանուր առմամբ իրենց ձեռք բերած տեսական գիտելիքները, գործնական հմտությունները և մասնագիտական կարողությունները 2015-16 ուստարվա շրջանավարտները գնահատել են բարձր (4.5-4.8), համեմատաբար ցածր (4.0-4.3) են «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Պատմություն» մասնագիտությունների շրջանավարտների տված գնահատականները:

Հարցման արդյունքներն ամփոփելով՝ նշվեց, որ ինչպես բոլոր, այնպես էլ առանձին մասնագիտությունների անհրաժեշտ որակների ապահովման հարցում մասնաճյուղն իր ֆակուլտետներով և ամբիոններով որոշակի անելիքներ ունի:

Հոկտեմբերի 22-ի տնօրենության ընդլայնված նիստում

2016թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի պատասխանատուները:

Տնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին կրթական ծրագրերի պատասխանատուների կատարած աշխատանքներին, ամբիոնների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նիստի ընթացքում ընդգծվեցին ուսումնական գործընթացը համակարգող երեք կարևոր օղակների (դեկանատ, ամբիոն, մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու) գործառույթները, նրանց արդյունավետ ու փոխհամաձայնեցված գործունեության ուղիները:

Հանձնարարվեց ամբիոնների վարիչներին, կրթական ծրագրերի պատասխանատուներին մեծ ուշադրություն դարձնել կրթական ծրագրերի հետ կապված հարցերին, ուսանողների կողմից բարձրացված խնդիրներին, հաճախակի կազմակերպել գիտագործնական կոնֆերանսներ, բաց դասեր, գիտաժողովներ՝ դրանցում ընդգրկելով ուսանողներին: