Иджеванский филиал Ереванского государственного университета

2015-2016 ուստարում մասնաճյուղում իրենց ուսումը կշարունակեն Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանավարտներ

2015-2016 ուստարում մասնաճյուղում իրենց ուսումը կշարունակեն Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանավարտներ

 

2015թ. հունիսին ԵՊՀ ԻՄ-ից Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի` 2014-2015 ուստարվա «Ֆինանսներ» և «Էկոնոմիկա. հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների ավարտական քննություններին մասնակցեց Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտ. գիտ. թեկնածու, ՄԿՈԱ բաժնի մասնագետ Գ.Ավետիսյանը:

Քննությունների արդյունքներից ելնելով` 17 շրջանավարտներ երաշխավորվեցին 2015-2016 ուստարում իրենց ուսումը շարունակելու մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ:

«Շրջանավարտների ցուցաբերած արդյունքները վկայում են, որ նրանք ունեն մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ՝ մասնաճյուղում ուսումը շարունակելու համար», — նշեց Գ.Ավետիսյանը:

Դեռևս 2011 թվականից մասնաճյուղը քոլեջի հետ ունի պայմանագիր, որը հնարավորություն է տալիս բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին հարցազրույցով ընդունվել մասնաճյուղ և շարունակել ուսումը համապատասխան մասնագիտությամբ: Մինչ օրս մասնաճյուղում ուսումը շարունակել և շարունակում են տարբեր քոլեջների 27 շրջանավարտներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը Արարատի տարածաշրջանային, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի պետական քոլեջների հետ ևս ունի պայմանագրեր, որոնց շրջանակներում համագործակցում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և վերամշակման աշխատանքներում, ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ցույց է տալիս համապատասխան մեթոդական և մասնագիտական օգնություն (դասախոսությունների, դասալսումների իրականացում, կիսամյակային և պետական որակավորման քննություններին մասնակցություն, մասնաճյուղի գրադարանի ռեսուրսների հասանելիություն և այլն):