2014թ. հուլիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնումը կազմակերպվել էր ըստ տարածաշրջանների: Հուլիսի 9-ին դիպլոմները հանձնվեցին Բերդի տարածաշրջանում, հուլիսի 10-ին` Նոյեմբերյանի տարածաշրջանում, իսկ հուլիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ում հանձնվեցին Իջևանի, Դիլիջանի տարածաշրջաններից և մյուս մարզերից մեր շրջանավարտների դիպլոմները:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին մասնաճյուղի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, շրջանավարտներ, ծնողներ, հրավիրված էին մարզի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
2014թ. շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին և շնորհավորեցին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, ֆակուլտետների դեկանները:
«Այսօր հավաքվել ենք շատ հաճելի արարողություն կատարելու` դիպլոմներ հանձնելու համար: Դիպլոմը ոչ միայն կրթություն, այլև դաստիարակություն է այնքանով, որքանով դուք կարող եք ազդեցություն ունենալ ձեր շրջապատի, ձեր երեխաների վրա»,- մասնավորապես նշեց Ս.Առաքելյանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով շրջանավարտներին` տնօրենը համոզմունք արտահայտեց, որ դիպլոմը կարևոր ուղեգիր կդառանա կյանքում իրենց տեղը գտնելու համար:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Ռուզաննա Ափինյանը. «Ինչպես Ալբերտ Այնշտայնն է ասել, կրթությունը այն է, ինչը մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես այն ամենը, ինչը սովորեցրել են»:
Ուսումնառության տարիները պատկերավոր ձևով համեմատելով եղինջի վրայից լեզվով մեղր վերցնելու գործընթացի հետ` նա շնորհակալություն հայտնեց ոչ միայն տրված գիտելիքների, այլև ուսումնառության ընթացքում հանդիպած դժվարությունների համար, որոնց հաղթահարումը է՛լ ավելի կոփեց և տոկուն դարձրեց իրենց:
Ելույթ ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Մերի Սահակյանի տատիկը` վաստակավոր մանկավարժ Վերա Պետրոսյանը, շնորհակալություն հայտնեց մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմին` ուսանողներին տված որակյալ կրթության համար: