Иджеванский филиал Ереванского государственного университета

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

2015թ. ապրիլի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում ֆրանսերեն լեզվով տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Ա.Մարդանյանի և Մ.Աղբալյանի կողմից:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնակցում էին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները, Անժելա Վանեսյանի անվան ֆրանսիական լեզվի և մշակույթի կենտրոնի սաները:

Միջոցառումը սկսվեց Ֆրանկոֆոնիայի համաշխարհային հիմնի կատարմամբ:

Ուսանողները հանդես եկան երգերով ու բանաստեղծություններով, թվարկեցին այն բոլոր երկրները, որոնցում ֆրանսերենը համարվում է պետական, մայրենի կամ օտար լեզու, ներկայացրին Ֆրանկոֆոնիայի համաշխարհային կազմակերպության ծագումը և գործունեությունը, ֆրանսերեն լեզվի ծագման և Ֆրանսիայի Հանրապետության կարգախոսի պատմությունը:

Մասնակիցները նաև տեսանյութի ուղեկցությամբ պատրաստեցին ֆրանսիական մի հետաքրքիր ուտեստ և հյուրասիրեցին ներկաներին:

Իրենց ելույթներում ուսանողները երախտագիտության խոսք ուղղեցին Ֆրանսիայի Հանրապետությանը, որի խորհրդարանը առաջինը ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումը մեծ բավականություն պատճառեց ներկաներին:

Այդ կապակցությամբ դրվատական խոսք ասաց ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը` շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին: