Иджеванский филиал Ереванского государственного университета

Գիտական խորհրդի նիստում

2015թ. սեպտեմբերի 10-ին «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն, գիտական խորհրդի նախագահ Ս.Առաքելյանը:

Գիտական խորհրդի նիստում

Գիտական խորհրդի նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների ցանկին, 2014-2015 ուստարվա արդյունքներով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների փոխատեղմանը (ռոտացիային), կառուցվածքային փոփոխություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նիստի ընթացքում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի` 2015-2016 ուստարվա I կիսամյակի նիստերի ժամանակացույցը, նույն կիսամյակի անվանական կրթաթոշակները, ըստ մասնագիտությունների` ուսման վարձաչափերը և կրեդիտները:

ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ներդրվել են «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունները:

Գիտական խորհրդի նիստում

Օտար լեզուների` անգլերենի և ֆրանսերենի հետ կապված` կատարվել են այնպիսի փոփոխություններ («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով կանցնեն ֆրանսերեն և հակառակը), որոնց արդյունքում մասնաճյուղը կտա 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ: Սա, ի դեպ, առաջին փորձն է Հայաստանի Հանրապետությունում:

Տնտեսագիտության ֆակուլտետում (որը կվերանվանվի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ) «Սերվիս» մասնագիտությունը փոխարինվել է «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտությամբ:

Կիրառական արվեստի ֆակուլտետը կվերանվանվի Արվեստի ֆակուլտետ ու կունենա «Դիզայն» և «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտությունները:

ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների ցանկը որոշվեց ներկայացնել ԵՊՀ գիտխորհրդի հաստատմանը:

Կառուցվածքային փոփոխությունների հետ կապված` նշվեց, որ մասնաճյուղում կստեղծվի մի նոր` Միջազգային կապերի բաժին: