Ընդհանուր տվյալներ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և շահակից կառույցների համագործակցության ապահովման կանոնակարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետև՝ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) և շահակից կառույցների համագործակցության ապահովման» կանոնակարգը (այսուհետև՝ Կանոնակարգ) սահմանում է Մասնաճյուղի հետ ՀՀ-ում գործող պետական, մասնավոր և միջազգային ձեռնարկությունների, ընկերությունների ու կազմակերպությունների (այսուհետ՝ Շահակից կառույցներ կամ Կառույցներ) կայուն համագործակցության համակարգ ստեղծելու, Մասնաճյուղի ուսանողների ապագա կարիերայի զարգացմանն ու նրանց մասնագիտական գործունեությանն աջակցելու ձևերն ու մեխանիզմները, Կառույցների հետ համագործակցությունը ապահովող հանձնաժողովի աշխատակարգը։
Կանոնակարգը մշակվել է «ՀՀ կրթության մասին օրենքի», ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների, ԵՊՀ ԻՄ գործունեության ռազմավարական պլանավորման պահանջների և ակնկալիքների, Մասնաճյուղում պրակտիկայի 3 կազմակերպման կարգի, կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ քաղաքականության հիման վրա։
Շահակից կառույցների հետ Մասնաճյուղի համագործակցության նպատակն է. ֆակուլտետների ներուժով ընդլայնել ՀՀ պետական, մասնավոր ընկերությունների և կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը, ապահովել բազմակողմանի համագործակցություն, ներգրավվել ՀՀ և մարզի խնդիրների լուծման ծրագրերում, նպաստել մարզի զարգացմանն ու առաջընթացին և այդ համագործակցության շրջանակներում նպաստել ուսանողների մասնագիտական կարողությունների բարելավմանը, աջակցել նրանց նախաձեռնություններին, բիզնես գաղափարներին, ծրագրերին և կարիերային։
Շահակից կառույցների հետ Մասնաճյուղի` ի դեմս ֆակուլտետների համագործակցության խնդիրներն են.
1) իրականացնել աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրեր,
2) մշակել և իրականացնել տարածաշրջանային խնդիրների լուծմանը, ուսանողների ապագա կարիերայի ձևավորմանն աջակցող ծրագրեր և միջոցառումներ,
3) ապահովել և ամրապնդել կառույց-ուսանող կապը՝ ներգրավելով ուսանողներին տարբեր կարճաժամկետ մասնագիտական պրակտիկաներում (ինտերշիփ),
4) ոլորտային կառույցներում ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ,
5) նախաձեռնել և իրականացնել ուսանողների ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ,
6) աջակցել ուսանողների բիզնես գաղափարների իրականցմանը՝ խրախուսելով նրանց նախաձեռնողականությունը,
7) ապահովել շրջանավարտների կարողությունների համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին,
8) աշխատաշուկայում ԵՊՀ ԻՄ շրջանավարտին դարձնել ավելի մրցունակ, 9) համալրել աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով։