Ընդհանուր տվյալներ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կարգը: 
- Կարգը մշակվել է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությունների, ԵՊՀ ԻՄ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրի, «ԵՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման» կարգի (12.03.2020, ԵՊՀ ԳԽ) հիման վրա: 
- ԵՊՀ ԻՄ-ում ուսանողները հետազոտական աշխատանքներ կատարում են բակալավրատի` 4-7-րդ կիսամյակների ընթացքում` առնվազն երկու, առավելագույնը` 6-ը, իսկ մագիստրական կրթական ծրագրում` սկսած առաջին կիսամյակից: 
- Հետազոտական աշխատանքի թեման մեկ կամ մի քանի խնդիրների մշակումն է: 
- Հետազոտական աշխատանք կատարում են կրթական ծրագրում ընտրված դասընթացն ուսումնասիրող բոլոր ուսանողները։ 
- Հետազոտական աշխատանքի ամբողջ ծրագրի ղեկավարումն իրականացնում է դասընթացը վարող դասախոսը: 
- Հետազոտական աշխատանքների թեմաները հաստատում են համապատասխան կամ տվյալ կրթական ծրագիրն իրականացնող մասնագիտական ամբիոնները: 
- Հետազոտական աշխատանքի հաստատված թեմայի փոփոխություն թույլատրվում է բացառիկ դեպքերում` ուսանողի հիմնավորված բացատրագրի հիման վրա, ղեկավարի և ամբիոնի վարիչի համաձայնությամբ, ամբիոնի նիստի որոշմամբ: 
- Հետազոտական աշխատանքների պլանները և ընթացիկ արդյունքները քննարկվում են համապատասխան ամբիոնում։ 
- Հետազոտական աշխատանքը պատրաստվում է գրավոր տեսքով և ներկայացվում ղեկավար դասախոսին: 
- Հետազոտական աշխատանքի կազմակերպման համար ղեկավարը կազմում և ամբիոն է ներկայացնում ուսանողների հետ անհատական ու խմբային հանդիպումների ժամանակացույց։ 
- Հետազոտական աշխատանքի արդիականության, մասնագիտական ուղղությանը թեմատիկ համապատասխանության, աշխատանքի ղեկավարման և կատարման համար պատասխանատու է մասնագիտական ամբիոնը և աշխատանքի անմիջական ղեկավարը, իսկ աշխատանքում շարադրված բոլոր տեսակետների, ընդունած որոշումների և բոլոր տվյալների ճշգրտության համար պատասխանատու է ուսանողը` աշխատանքի հեղինակը: 
- Դասընթացի ավարտին ղեկավարը ամբիոն է ներկայացնում հետազոտական աշխատանքների իրականացման մասին հաշվետվություն։