Ընդհանուր տվյալներ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցման մագիստրոսական թեզի պատրաստման եվ գնահատման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգը:
Կարգը մշակվել է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությունների, «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման» կարգի (7.11.2017, թիվ 1282-Ն, ՀՀ ԿԳ նախարար), «ԵՊՀ-ում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման» կարգի (02.03.2017, ԵՊՀ ԳԽ), «ԵՊՀ ԻՄ-ի էթիկայի կանոնագրքի» (26.02.2021 ԵՊՀ ԻՄ ԳԽ) հիման վրա:
Մագիստրոսական թեզը ինքնուրույն հետազոտական, վերլուծական և /կամ կիրառական նշանակության ավարտուն աշխատանք է, որն արտացոլում է տվյալ մասնագիտական ոլորտում ուսանողի ձեռք բերած գիտելիքները կիրառելու և ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները, ինչպես նաև գիտական խնդիրներ բարձրացնելու և նոր լուծումներ առաջադրելու հմտությունները:
Մագիստրոսական թեզի կատարումը և հրապարակային պաշտպանությունը մագիստրոսական կրթական ծրագրի ավարտական պահանջներից են։
Մագիստրոսական թեզը մագիստրոսի կրթական ծրագրի անհատական և ամփոփիչ բաղադրիչն է, որի պատրաստումը և պաշտպանությունը իրականացվում է 2-3-րդ կիսամյակներում։ Բոլոր ուսանողները մինչև 1-ին կիսամյակի ավարտը պետք է ունենան թեզի հաստատված թեմաներ և ղեկավարներ։ Մագիստրոսական թեզի պատրաստման և պաշտպանության համար մագիստրոսական կրթական ծրագրում նախատեսվում է 14 կրեդիտ աշխատածավալ։
Մագիստրոսական թեզը պետք է համապատասխանի տվյալ կրթական ծրագրի վերջնարդյունքներին:
Մագիստրոսական թեզի թեմայի ընտրության համար ուսանողը գրավոր դիմում է կրթական ծրագրի ղեկավարին
Ընտրված թեմաների ցանկը (ըստ ուսանողների և թեզի ղեկավարների) հաստատվում է ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում:
Թեմաների հաստատված ցանկի մեկական օրինակ պահվում է ամբիոնում, դեկանատում և ՈՒՄՎ-ում:
Գիտական ղեկավարի փոփոխությունը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում (օրինակ՝ ղեկավարի երկարատև գործուղում, ուսումնական տարվա ընթացքում աշխատանքից ազատում, երկարատև հիվանդություն), իսկ թեմայի փոփոխությունը` համապատասխան հիմնավորման առկայության դեպքում: