Ընդհանուր տվյալներ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական, ակադեմիական աշխատակազմերի և ուսանողների համար Էթիկայի կանոնագիրք
Ընդհանուր դրույթներ
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) վարչական և ակադեմիական (պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ) աշխատակազմի և ուսանողների համար (այսուհետ՝ Դերակատարներ) էթիկայի կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք) նորմատիվ իրավական ակտ է, որը սահմանում է ԵՊՀ ԻՄ-ում աշխատակիցների և ուսանողների էթիկական վարքագծի սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները և կարգապահական տույժերը։
Կանոնագիրքը կազմվել է` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի» ծրագրի դրույթները1, Մասնաճյուղի կանոնադրությունը և ներքին կարգապահական կանոնները։ Նրա կիրառելիությունն ապահովվում է Մասնաճյուղի համապատասխան կանոնակարգերի և ընթացակարգերի միջոցով։
Սույն Կանոնագրքի նպատակն է խրախուսել և ապահովել բարոյաէթիկական մշակույթը, մասնավորապես ակադեմիական ազնվության մշակույթը Մասնաճյուղում գործունեություն ծավալող պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ և ուսանողական կազմերում, զարգացնել նրանց մեջ բարոյահոգեբանական, գիտամանկավարժական և կազմակերպական հիմունքները, ստեղծել միջանձնային բարենպաստ փոխհարաբերություններ՝ բարձրացնելով դերակատարների հեղինակությունը, պահպանել Մասնաճյուղի ամբողջականությունը և բարի համբավը՝ բարձրացնելով բուհի մրցունակությունը ներպետական ուսումնական հաստատությունների շրջանակներում, էթիկային, մասնավորապես ակադեմիական ազնվությանը վերաբերող հարցերին տալ համապատասխան լուծումներ։
ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները և ուսանողները կամավորության սկզբունքով պարտավորվում են հետևել սույն Կանոնագրքով հաստատված էթիկայի կանոններին և նորմերին:
Էթիկայի կանոնների և նորմերի պահպանմանը հետևում և դրանց խախտման դեպքերում առաջացած խնդիրները լուծում է էթիկայի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):