- Main
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Գիրք, գրադարան, ընթերցող» ցուցադրություն-քննարկում՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ մասնավորապես նշելով․ «Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության որոշմամբ նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Այս օրը ևս մեկ առիթ և հնարավորություն է արժևորելու գիրքն ու գրադարանը, գիրքն ու ընթերցողին։ Ժամանակի ընթացքում փոխվել են գրքի և գրադարանի մասին պատկերացումները, գործառույթներն ու նշանակությունը, սակայն գրքի և գիտելիքի փոխանցման տպագիր միջոցների նշանակությունն անխախտելի է, որի վկայությունն է գրատպության ծավալների ընդլայնումն ու ժամանակակից գրքի նկատմամբ հանրայի վերաբերմունքը։ Արդիականացման միտումները չեն շրջանցում նաև գրադարաններն ու հանրային տարածքները, և մենք պետք է պատրաստ լինենք գրադարանների փոխակերպմանն ու հարմարեցմանը նոր ընթերցողին ու նրա ուսումնագիտական պահանջներին»։
Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հ.գ.դ. Վլադիմիր Կարապետյանը՝ իր խոսքում ընդգծելով, որ խորհրդային տարիների համեմատությամբ փոխվել են գրադարանն ու նրա ընթացողը, վերաբերմունքը գիտելիքի հիմնական աղբյուրի նկատմամբ, քանի որ տեխնոլոգիաները հատում են բոլոր տարածքային սահմանները և հնարավորություն ընձեռում հետազոտողին օգտվելու գիտաչափական բազմաբնույթ շտեմարաններից, իր գիտական արտադրանքը ներկայացնելու գիտական հանրությանը, ստանալու ինդեքսավորում և իր միտքն ու գաղափարները փոխանցելու օտարերկրյա գիտնականներին։
Քննարկմանն ակտիվ մասնակցություն ունեցան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, պ.գ.թ., դոցենտ Ն․ Գրիգորյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մ.գ.թ., դոցենտ Լ. Հարությունյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ, բան. գիտ. թեկնածուներ Ա․ Սարհատյանը և Լ․ Թումանյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ա․ Ազատյանը։ Ա․ Սարհատյանը մասնավորապես նշեց, որ գիրքն ու գրադարանը չեն կորցրել իրենց դերակատարումը գիտակից ու գրագետ քաղաքացի ձևավորելու գործում։
Ուսանողները քննարկման ընթացքում հարցադրումներ կատարեցին՝ բանախոսներից ստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։