- Main
- ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է 2024-2025 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը
Մայիսի 13-ին կայացան «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի) շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր «Հայաստանի եվրոպական համալսարան» հիմնադրամի կիրառական լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Սոնա Հակոբյանը: «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 25 շրջանավարտներից 11-ը ստացավ «գերազանց», 11-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար»: «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 6 շրջանավարտներից 5-ը ստացավ «գերազանց», 1-ը՝ «լավ»:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ աշխատանքներում շատ մանրակրկիտ և լեզվական խորքային վերլուծություններ պարունակող դրույթներ էին ներկայացված: Ուսանողների անգլերենի և ֆրանսերենի մակարդակը ակադեմիական առումով շատ բարձր էր: Նրանց լեզվամտածողությունը հենքային և հիմնավորված բնույթ էր կրում:
Ավարտական աշխատանքների իրականացման հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է ավելի արդիական և վերլուծական լայն շրջանակ ներկայացնող թեմաներ առաջադրել:
Մայիսի 17-ին տեղի կունենան «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ռուսաց լեզու և գրականություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Զբոսաշրջություն», «Դիզայն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Մայիսի 24-ին կկայանան «Հոգեբանություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», մայիսի 31-ին՝ «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք արդեն ամփոփիչ ատեստավորում անցած մեր շրջանավարտներին, նրանց ցանկանում անձնական և մասնագիտական նշանակալի ձեռքբերումներ, իսկ մյուսներին մաղթում ենք հաջող պաշտպանություններ: