2025 թ. նոյեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Ռուսական գիտության նվաճումները XXI դարում» թեմայով դասախոսություն կարդաց Սերգեյ Պոդկովալնիկովը, ով միջազգային լրատվամիջոցների խոսնակ է, փորձագետ, «Զնանիե» ռուսական միության դասախոս, գիտության մասսայականացնող և «Գիտությանը հավատարմության համար» մեդիա մրցանակի դափնեկիր:

Դասախոսություն-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Մ. Զուրաբյանը, Ա. Այդինյանը, Ե. Շուվաևան, «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներ:

«Արծվի ուժը թևերի մեջ է, իսկ մարդունը՝ գիտելիքի». այսպես սկսելով իր դասախոսությունը՝ Սերգեյ Պոդկովալնիկովն անմիջապես նշեց Հայաստանի և Ռուսաստանի գիտական հետաքրքրությունների սերտ փոխկապակցվածության մասին և բերեց ցայտուն օրինակ. Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի ղեկավարությամբ Դուբնայի միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտում հայտնաբերվել են վեց գերծանր տարրեր, իսկ Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը նրա պատվին անվանվել է Օգաննեսոն:

Բանախոսը ներկայացրեց ժամանակակից ռուսական գիտության հիմնական նվաճումները, անդրադարձավ ճարտարագիտության, բժշկության, տիեզերական տեխնոլոգիաների և թվային լուծումների ոլորտում առաջատար հետազոտություններին՝ ընդգծելով երիտասարդ մասնագետների դերը գիտության ապագայի ձևավորման գործում:

Դասախոսության շրջանակներում խոսվեց մասնավորապես Կուրչատովի, Լոմոնոսովի, Կովալևսկայայի՝ առաջին կին պրոֆեսորի, տարածաշրջանային էներգասպառման, «Ռոսատոմ»-ի ներկայիս նախագծերի մասին:

Քննարկումը տեղափոխվեց տիեզերական ոլորտ՝ Գագարինից մինչև միջազգային ծրագրեր: Ուշագրավ էր «Ռոսկոսմոս»-ի հետ Իլոն Մասկի համագործակցության փաստը:

Դասախոսությունն անցավ աշխույժ մթնոլորտում՝ ուղեկցվելով ժամանակակից գիտական միտումների շուրջ արդյունավետ քննարկումներով: Հատուկ հետաքրքրություն առաջացրին նորարարությունների գործնական կիրառման օրինակները և գիտակրթական համագործակցության զարգացման հեռանկարները:

Ուսանողները նաև հետաքրքրվեցին Սերգեյ Պոդկովալնիկովնի գիտական կարիերայով, որը գիտնականը բնութագրեց որպես շատ բարդ, բայց հետաքրքիր ուղի:

Spread the article
©2025 All rights reserved.