Ijevan Branch of Yerevan State University

«100-ամյա լռություն» միջոցառումների շարք

«Միշտ երիտասարդ» ԵՀԿ-ն սկսում է «100-ամյա լռություն» խորագրով միջոցառումների շարք` նվիրված հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:

Միջոցառումների հիմնական նպատակը լինելու է երիտասարդների շրջանում հայոց Մեծ եղեռնի մասին ինֆորմացիայի տարածումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կլինեն տարաբնույթ միջոցառումներ, որոնցում ներգրավված կլինեն երիտասարդներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից:

Միջոցառումները տեղի կունենան 2015 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին: Իսկ նախապատրաստական աշխատանքների մեկնարկը կտրվի ս.թ. նոյեմբերի երկրորդ կեսին. հենց այդ ժամանակ էլ ավելի մանրամասն կխոսենք բոլոր միջոցառումների մասին՝ ներկայացնելով ոլորտը, մասնակցության տարբերակները, ժամանակահատվածը և այլ մանրամասներ:

Նշենք նաև, որ յուրաքանչյուր երիտասարդ, երիտասարդական կազմակերպություն կամ ցանկացած այլ կառույց կարող է իր ներդրումն ունենալ «100-ամյա լռություն» նախագծի իրականացման մեջ` դառնալով մեր թիմի անդամ, որպես կամավոր կամ հնարավոր բոլոր միջոցներով աջակցելով կազմակերպչական աշխատանքներին: Բոլոր ցանկացողները կարող են լրացնել հայտը և ուղարկել մեզ:

Մենք կկապվենք բոլորի հետ աշխատանքները սկսելու նախօրեին:

Հարգանքներով՝ «Միշտ երիտասարդ» Երիտասարդական հասարակական կազմակերպություն:

Աղբյուրը` normitq.am

Գրական-երաժշտական երեկո սահմանային զորամասում

2014թ. նոյեմբերի 24-ին Տավուշի մարզի սահմանային զորամասում տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում, որը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզի սահմանային զորամասի հրամանատարը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, սպաներ, զինվորներ:

Զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Հովսեփյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին: Նա կարևորեց ուսանողների մասնակցությունը երկրի պաշտպանության գործընթացում:

Այնուհետև ներկաներին ողջունեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը:

Նա նշեց, որ ի դեմս զինվորների` ունենք ամուր հենարան, խաղաղ երկիր, աննկուն բանակ, որ մեր զինվորների աչալուրջ և աննկուն ծառայության շնորհիվ կանխվում են մեր թշնամիների դավադիր հարձակումները և համարժեք հակահարված տրվում ցանկացած ոտնձգության:

Նա նշեց, որ մասնաճյուղը կարևորում է բուհ-բանակ համագործակցությունը և պատրաստակամ է նախապատրաստական դասընթացներ անցկացնելու այն զինվորների հետ, ովքեր նպատակ ունեն զորացրվելուց հետո սովորելու բուհում:

Ելույթ ունեցավ նաև մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը`զինվորներին մաղթելով խաղաղ երկինք, բարի ծառայություն:

Դահլիճում տոնական և անկաշկանդ մթնոլորտ էր:

ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները հանդես եկան երգով, պարով, ասմունքով. երգեցին ազգային-հայրենասիրական, ժողովրդական երգեր, ուս ուսի պարեցին սահմանապահ Տավուշի աննկուն պաշտպաների հետ:

Ամփոփելով միջոցառումը` շնորհակալական խոսք ասաց զորամասի սպա, մասնաճյուղի նախկին դասախոս Վահագն Չոբանյանը:

Նա նշեց, որ հպարտանում է թե՛  շնորհաշատ ուսանողների հայրենասիրությամբ ու տաղանդով, թե՛ Հայոց բանակի քաջարի մարտիկներով:

Վերջում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մասնակցեցին զորամասի շարային երթին:

Մասնաճյուղում ստեղծվել է Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի 2014թ. նոյեմբերի 21-ի № 189 հրամանով ստեղծվել է Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոն, որի ղեկավար է նշանակվել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, մանկ.գ.թ., դոցենտ Վաչիկ Արամայիսի Բրուտյանը:

Կենտրոնի անդամներ են նշանակել հետևյալ աշխատակիցները.

Անուշավան Հայկարամի Մակարյան – տնօրենի խորհրդական, Բնական գիտությունների ֆակուլտետի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ֆ.մ.գ.թ., դոցենտ,

Գարուշ Գուրգենի Անանյան – տնօրենի խորհրդական, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ,

Նելլի Բաբկենի Խուդավերդյան – Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տեխն. գ.թ, դոցենտ,

Արտակ Վոլոդյայի Ցուցուլյան – Բնական գիտությունների ֆակուլտետի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ,

Մարիետա Ալբերտի Ճաղարյան – ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ, Բնական գիտությունների ֆակուլտետի Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ,

Աիդա Ասիլբեկի Սարհատյան – Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ,

Աիդա Սերոժի Մարդանյան – Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ,

Նաթելլա Սերոժի Գրիգորյան – Կենտրոնի քարտուղար, տնօրենի օգնական:

Մասնաճյուղում անցկացվեց Հոգեբանի օրվան նվիրված գիտագործնական կոնֆերանս

2014թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Հոգեբանի օրվան նվիրված գիտագործնական կոնֆերանս, որը կազմակերպվել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հրավիրված էին հոգեբ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռոզա Մխիթարյանը, նույն թատրոնի դերասան-ասմունքող Ջիվան Սարգսյանը և «Միասնության արևահամ նեկտար» հասարակական կազմակերպության «Սիրո աղբյուր» համույթը:

Բացման խոսքով հանդես եկավ պարոն Աղուզումցյանը` կարևորելով հոգեբանության խնդիրներին նվիրված գիտաժողովի անցկացումը մասնաճյուղում:

Ողջույնի խոսք ասաց Հեռակա ուսուցման բաժնի վարիչի տեղակալ, բան. գիտ. թեկնածու Մուշեղ Սարուխանյանը` Հոգեբանի օրվա առթիվ շնորհավորելով մասնագետներին, ուսանողներին, ընդգծելով հոգեբանի մասնագիտության պատասխանատվությունն ու կարևորությունը մարդու կյանքում:

Այնուհետև մասնաճյուղի հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դասախոսները համապատասխան շնորհանդեսների ուղեկցությամբ ներկայացրին գիտական զեկուցումներ:

Հոգեբ. գիտ. թեկնածու Արմեն Բեջանյանը ներկայացրեց զեկուցում`«Էկզոգեն դեպրեսիաների տարածվածությունը, դիֆերենցիալ դիագնոստիկան և հոգեբանական աջակցության մոտեցումները» թեմայով:

«Ներառական կրթության իրականացման ներկայիս խնդիրները» թեմայով զեկուցում կարդաց հոգեբ. գիտ. թեկնածու Դիանա Սարգսյանը:

Հոգեբան Լևոն Սարգսյանը ներկայացրեց զեկուցում`«Հոգեբանի գործունեության խնդիրները դպրոցում» թեմայով:

«Դպրոցի հոգեբանի աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով զեկուցում կարդաց հոգեբան Էդիտա Սիմոնյանը:

Հոգեբան Անուշ Մարտիրոսյանը ներկայացրեց զեկուցում`«Ներառական կրթության իրականացման մեխանիզմները ՀՀ-ում» թեմայով:

Նախատեսված էր նաև գեղարվեստական մաս, որի ընթացքում Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռոզա Մխիթարյանը, նույն թատրոնի դերասան-ասմունքող Ջիվան Սարգսյանը, «Միասնության արևահամ նեկտար» հասարակական կազմակերպության «Սիրո աղբյուր» համույթի անդամները հանդես եկան գրական-երաժշտական փայլուն ելույթներով (դասական պոեզիայի, ժողովրդական-գուսանական երգերի ոգեշունչ կատարումներ):

«Սիրո աղբյուր» համույթի անդամներին Հեռակա ուսուցման բաժնի կողմից տրվեցին ծաղկեփնջեր ու հուշանվերներ:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Վ. Բրուտյանը` շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, ներկաներին և հայտնելով, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:

Միջոցառման բոլոր լուսանկարները տե´ս այստեղ:

Հասանելի է մեթոդական ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը

Շուտով լույս կտեսնի «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնասկզբունքները: Մեթոդական ցուցումներ» ձեռնարկը, որտեղ ներկայացված են ինչպես ուսումնական, այնպես էլ ակադեմիական հետազոտական աշխատանք (ռեֆերատ, կուրսային, բակալավրի և մագիստրոսի ավարտական աշխատանք, հոդված, ատենախոսություն և այլն) պատրաստելու հիմնասկզբունքները` հետազոտական աշխատանքի պլանավորման նրբությունները, աշխատանքների կառուցվածքային և բովանդակային պահանջները, գիտական էթիկայի հիմնատարրերը:

Ձեռնարկի հեղինակներն են՝

Աշխ. գիտ. թեկն., դոց. Գուրգեն Հովհաննիսյանը
(Գլուխ 1. Բաժին 1, Բաժին 2, Հավելվածներ),

Քաղ. գիտ. թեկն., դոց. Նարեկ Գալստյան
(Գլուխ 2. Բաժին 2, Բաժին 3),

Պատմ. գիտ. թեկն., ասիստ. Մենուա Սողոմոնյանը
(Գլուխ 2. Բաժին 1),

ԵՊՀ հայոց պպատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը
(Ներածություն, Գլուխ 1. Բաժին 2, Վերջաբանի փոխարեն):

ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմված այս ձեռնարկը կօգնի ուսանողներին և երիտասարդ գիտնականներին` արդյունավետ պլանավորել իրենց հետազոտությունները, պատրաստել գիտականության և գիտական էթիկայի կանոններին համապատասխանող աշխատանքներ:

Հասանելի է ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը:


Ձեռնարկի հակիրճ բովանդակությունը

Գլուխ 1. Գիտական ճանաչողությունը և գիտահետազոտական աշխատանքների դասակարգումը

1.1. Գիտահետազոտական աշխատանքի ընդհանուր մեթոդաբանությունը

1.2. Գիտահետազոտական աշխատանքների տարատեսակները և դասակարգումը

Գլուխ 2. Փաստարկման ընդհանուր մեթոդաբանությունը և ակադեմիական ազնվությունը

2.1. Փաստարկման ընդհանուր տրամաբանությունն ու մեթոդաբանությունը գիտական աշխատանք կատարելիս Ջ. Միրշայմերի «Դարձ դեպի ապագա. անկայուն Եվրոպան Սառը պատերազմից հետո» հոդվածի օրինակով

2.2. Հղումները գիտական հրապարակումներում

2.3. Գրագողություն

Վերջաբանի փոխարեն. գիտահետազոտական աշխատանք գրելու ընդհանուր սկզբունքներ

Հավելված 1. Գիտահետազոտական աշխատանք կատարելիս առավել հաճախ հանդիպող հասկացություններ

Հավելված 2. Կուրսային և ավարտական աշխատանքների տիտղոսաթերթի օրինակելի նմուշներ

Աղբյուրը` armscoop.com