2015թ. մարտի 30-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ:
Մասնաճյուղում ծրագիրը գործում է 2009 թվականից սկսած:
Այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացվել է թվով 20 նախաձեռնություն, որոնք ներառել են տարբեր ոլորտներ` բնապահպանական, գյուղական, հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրման, սպորտի և այլն:
Այս նախաձեռնության («Գնահատելով անցյալը` շարժվենք դեպի ապագա») նպատակն էր նպաստել հասարակության շրջանում Արցախյան ազատամարտի մասնակիցների սխրագործությունների և քաջագործությունների ճանաչողական մակարդակի բարձրացմանը և ազատամարտիկների փորձի փոխանցմանը երիտասարդներին:
Հանդիպման ընթացքում ուսանողները հանդես եկան ոգեկոչող ու հայրենասիրական ելույթներով` երգերով ու բանաստեղծություններով, ազատամարտիկներին ուղղեցին հարցեր, նրանց խնդրեցին պատմել իրենց անցած հերոսական ուղուց և ստացան թանկագին խորհուրդ-խրատներ` հայրենիքն անմնացորդ սիրելու և պաշտպանելու մասին:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի փոխնախագահ Սամվել Առաքելյանը` խորապես շնորհակալություն հայտնելով Արցախյան ազատամարտի մասնակիցներին` իրենց կատարած սխրանքների, հայրենանվեր մեծ գործի համար, նշելով, որ սուրբ պարտականություն է ազատամարտիկներին հիշելը, որն ավելի շատ հենց երիտասարդներին է պետք, որ հայրենասիրության դասեր առնեն, օրինակ վերցնեն նրանցից, որ իրենց հայրենի հող ու ջրի իսկական տիրոջ ու պաշտպանի գիտակցությունն ունենան:
Վերջում ազատամարտիկներին հանձնվեցին «Գնահատելով անցյալը` շարժվենք դեպի ապագա» ծրագրի շրջանակներում նրանց մասին տպագրված գրքույկներ, վկայականներ ու փոքրիկ նվերներ: