Ijevan Branch of Yerevan State University

Անաղարտ պահենք «Մեր ժառանգության մեծագույն գանձը»` մայրենի լեզուն

2015թ. փետրվարի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Մայրենի լեզվին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Լուսինե Թումանյանը:

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Միջոցառումը կազմակերպվել էր Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ` ևս մեկ անգամ գիտակցել տալու մեր «ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստի»` «մեր ժառանգության մեծագույն գանձի»` մայրենի լեզվի արժեքը:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շնորհալի ուսանողները ներկայացրին լեզվի տոնի նախապատմությունը, թե ինչպես 1999թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց ստեղծել մայրենի լեզվին նվիրված տոն, և 2000 թվականից փետրվարի 21-ը հռչակվեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր:

Այնուհետև ուսանողները հանդես եկան մայրենի լեզվի մասին մեծերի իմաստուն ասույթներով, ներբող-բանաստեղծություններով, երգ ու պարով:

Մասնակիցները համապատասխան շնորհանդեսի ուղեկցությամբ և գեղարվեստական արտահայտչականությամբ ներկայացրին, թե հայ ժողովրդի հետ դարերի դաժան փորձությունների ինչպիսի երկար ճանապարհ է անցել նրա ինքնության վկայագիրը` հայոց լեզուն: Նրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը պահպանել է իր գոյությունը, անաղարտ պահել իր հավատը, չի ձուլվել, կուլ չի գնացել օտարին:

Ոսկեղենիկ մայրենիով մեր պատմիչներն ու գրողները հյուսել են մեր ժողովրդի հոգու երգն ու կարոտը, երազն ու սերը: Մեր խոսքի վարպետները դարեր ի վեր հղկել ու կատարելագործել են մեր լեզուն` որպես մարմար, փայլեցրեցրել` որպես բյուրեղ ու ադամանդ:

Միջոցառման ընթացքում հաստատվեց այն գաղափարը, որ այսօր առավել անհրաժեշտ է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել մեր մեծագույն հարստությանը` մայրենի լեզվին: Սակայն ոչ թե ապահովության համար պետք է փակի տակ պահել այն, այլ գործածել, այնպես գործածել, որ լույս տարածող լամպի պես շրջապատը լուսավորի, որ դառնա պանդուխտին տուն կանչող ճաճանչափայլ փարոս, հիվանդի ու հուսալքվածի համար` դեպի պայծառ ապագա տանող հավատ:

Ներկաները, բավականին տպավորված, իրենց գոհունակությունն ու երախտագիտությունն արտահայտեցին Լ.Թումանյանին ու բոլոր մասնակիցներին` մայրենին փայփայելու, այդքան մեծ սիրով ու նվիրումով ներկայացնելու համար: