Ijevan Branch of Yerevan State University

ԵՊՀ-Ն 6 ՏԱՐՈՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովի նիստը. որոշում կայացվեց 3 բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհել:

Հանձնաժողովի որոշմամբ՝ Երևանի պետական համալսարանին շնորհվել է հավատարմագրում 6 տարի ժամկետով, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանին և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին (նախկին ՀՊՃՀ)` 4 տարի ժամկետով:

 

«Բուհերի հավատարմագրման նոր կարգը հաստատվել էր ՀՀ Կառավարության կողմից, և սահմանվել էր պարտադիր ինստիտուցիոնալ հավատարմագրում և կամավոր ծրագրային հավատարմագրում: Համալսարանն արդեն 3 տարի այս գործընթացի մեջ է: Ըստ կարգի՝ առաջին փուլը ինքնավերլուծության զեկույցի պատրաստումն էր, հաջորդ քայլը փորձագիտական այցն էր (փորձագիտական խմբի անդամներից երկուսը արտասահմանյան փորձագետներ էին): Դրան հաջորդեց փորձագիտական զեկույցը»,- այսպես է հավատարմագրման գործընթացը ներկայացնում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ով համակարգել է հավատարմագրման գործընթացի ուղղությամբ ԵՊՀ-ում տարվող աշխատանքները բոլոր փուլերում:

 

Հավատարմագրում ստանալու վերջին քայլը գործողությունների ծրագրի մշակումն ու ներկայացումն էր, որից մեկ տարի անց ԵՊՀ-ն միաձայն ստացավ հնարավոր ամենաերկարաժամկետ հավատարմագրումը:

 

Նիստի ընթացքում յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում հավատարմագրման հանձնաժողովի, բուհում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարի, ԿԳՆ և բուհի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԵՊՀ-ն ներկայացնում էին պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը և Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը:

 

Փորձագիտական խմբի ղեկավարները ներկայացրին փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի մատուցված խորհրդատվությունները և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման  գործողությունների ծրագրին տրված փորձագիտական խմբի գնահատականը: Ապա բուհերի ներկայացուցիչները քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին և պատասխանեցին հավատարմագրման հանձնաժողովին հուզող հարցերին: Ընդհանուր քննարկմանը հաջորդեց հավատարմագրման հանձնաժողովի դռնփակ քննարկումը և քվեարկությունը:

 

Հավատարմագրման հանձնաժողովի որոշումները ՈԱԱԿ-ը կներկայացնի ԿԳՆ,   նախարարության կողմից հաստատվելուց հետո գրառում կկատարվի բուհերի հավատարմագրման գրանցամատյանում, իսկ բուհերին համապատասխան վկայական  կշնորհվի:

 

Նշենք, որ հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից  հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:

 

Հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի նաև հավատարմագրման գործընթացն անցած մյուս  բուհերի վերաբերյալ:

 

ԵՊՀ փորձագիտական զեկույցին կարող եք ծանոթանալ ԵՊՀ պաշտոնական պորտալի «Փաստաթղթեր» բաժնում:

 

Աղբյուրը` ysu.am