Ijevan Branch of Yerevan State University

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 10 ուսանողներ «Օրանժ» հիմնադրամի կողմից ստացան կրթաթոշակներ

2015թ. փետրվարի 20-ին Հայաստանի համալսարանների հետ համագործակցության շրջանակներում «Օրանժ» հիմնադրամը իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր Երևանի, Գավառի, Գորիսի, Գյումրու, Իջևանի, Կապանի, Վանաձորի և Եղեգնաձորի համալսարանների` բարձր առաջադիմություն ունեցող 100 ուսանողների:

2014-15 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից «Օրանժ» հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 10 ուսանողի:

Հանդիպման ընթացքում ուսանողները ոչ միայն «Օրանժ» հիմնադրամից ստացան կրթաթոշակներ, այլև մասնակցեցին «Օրանժ Արմենիա» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի կողմից կազմակերպված «Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն և հաջողությամբ անցնել աշխատանքային հարցազրույցը» թեմայով հատուկ սեմինարին:

Ուսանողները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու ընկերության գործունեությանը և իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն և «Օրանժ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերին:

Նա ներկայացրեց հեռահաղորդակցության միջազգային ընկերության հիմնական մարտահրավերներն ու գործունեության առավելությունները, ինչպես նաև ընկերության` սոցիալական պատասխանատվության սկզբունքները: «Մեզ համար արդեն բարի ավանդույթ է դարձել բարձրագույն կրթություն ստանալու հարցում ուսանողներին աջակցելը: Արդեն չորս տարի է, ինչ սոցիալական ծրագրերի շրջանակներում կրթաթոշակներ ենք տրամադրում ուսանողներին՝ նպատակ ունենալով թեթևացնել նրանց ընտանիքների ֆինանսական բեռը և նպաստել ինչպես Երևանի, այնպես էլ մարզային համալսարաններում սովորող երիտասարդների հետագա մասնագիտական զարգացմանը: Կարծում ենք նաև, որ մեր այսօրվա հանդիպում-սեմինարը կօգնի ուսանողներին ընտրել իրենց մասնագիտական ներուժն ապագայում լիարժեքորեն դրսևորելու համար անհրաժեշտ ուղիները»,- մասնավորապես նշեց «Օրանժ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Կրթաթոշակառու ուսանողների ընտրությունը կատարվել է վերջիններիս դիմումների հիման վրա՝ հաշվի առնելով ուսանողի ուսումնական առաջադիմությունը և ընտանիքի ֆինանսական դրությունը: