Ijevan Branch of Yerevan State University

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի մի շարք անդամներ սերժանտի կոչում ստացան

2015թ. փետրվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցան պատանի և երիտասարդ երկրապահների` համապատասխանաբար «Կրտսեր սերժանտ» և «Սերժանտ» կոչումների համար անցկացվող քննությունները:

Ներկա էին մասնաճյուղի տնօրեն, Երկրապահ կամավորների միության Տավուշի մարզային խորհրդի փոխնախագահ Սամվել Առաքելյանը, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը, այլ պաշտոնյաներ, մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ:

Սերժանտական կոչումներ ստանալու քննությունները մեկնարկեցին 2014թ. սեպտեմբերի 9-ին ԵԿՄ-ի, ՊՆ-ի և ԿԳՆ-ի միջև ստորագրված փոխընբռնման եռակողմ հուշագրի հիման վրա անցկացված քառամսյա սերժանտահրամանատարական դասընթացներից հետո:

Դրանցում ընդգրկված են եղել և դասավանդել են ԵԿՄ-ի հետ գործակցության հուշագրեր կնքած կառույցների տարբեր ոլորտների (պաշտպանության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, մարզպետարանի և այլն) լավագույն մասնագետներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում պատանի և երիտասարդ երկրապահների քննություններն անցկացրին Տավուշի մարզի մի քանի դպրոցների (Իջևանի դպրոցներ, վարժարան, Գանձաքարի դպրոց) զինղեկները:

Պատանի և երիտասարդ երկրապահները քննություն հանձնեցին մի շարք առարկաներից` շարային, կրակային պատրաստությունից, առաջին բուժօգնությունից, արտակարգ իրավիճակներում կողմնորոշման հմտությունից, ՀՀ պետական և երկրապահական խորհրդանիշերի իմացությունից և այլն։

Բոլոր առարկաներից քննությունները հաջող հանձնած մասնակիցները ստացան կրտսեր սերժանտի, իսկ գերազանց հանձնած շնորհալիները՝ սերժանտի կոչումներ:

Քնություններին երիտասարդ երկրապահների շարքերը համալրում էին մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները, որոնց` 10 հոգուց բաղկացած խումբը ստացավ «Սերժանտ» պատվավոր կոչումը: