Иджеванский филиал Ереванского государственного университета

Տնօրենը հանդիպեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հետ

2015թ. մարտի 23-ին ԵՊՀ ԻՄ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տնօրենի հանդիպումը «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հետ:

Հանդիպման նպատակը մասնաճյուղի ռազմահայրենասիրական ակումբի աշխատանքների պլանավորումն էր:

Կարևորելով ակումբի գործունեությունը` Ս.Առաքելյանը նշեց, որ նպատակահարմար է մարտական դիրքերում ծառայած ուսանողներին ներգրավել ռազմահայրենասիրական ակումբի աշխատանքներում:

Տնօրենը նաև հայտնեց, որ սերժանտական կոչման հավակնորդները պետք է քննություն հանձնեն Երևանում:

Պարոն Առաքելյանը ակումբի անդամներին հորդորեց լինել առավել նախաձեռնող, մաղթեց անկոտրում կամք, մարտական ոգի և նպատակասլացություն իրենց բոլոր ձեռնարկումներում:

Հանդիպման ընթացքում ակումբականները ներկայացրին իրենց հետաքրքրող հարցերը, հանդես եկան մի շարք առաջարկներով:

Մասնավորապես առաջարկվեց կազմակերպել ճանաչողական էքսկուրսիաներ Հայաստանի պատմամշակութային վայրեր, Հայոց ցեղասպանության և այլ թեմաներով անցկացնել գիտական բանավեճեր, դպրոցներում` սեմինարներ, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբում ունենալ երգչախումբ, որը կկատարի զուտ հայրենասիրական երգեր, որոշ ժամանակով կցվել Իջևանի զորամասին և այլն:

Ներկայացված առաջարկները տնօրենի կողմից արժանացան հավանության:

 

 

Դպրոցականների օլիմպիադայի արդյունքները

«ԵՊՀ օլիմպիադա-2015» օլիմպիադայի արդյունքները

«ԵՊՀ օլիմպիադա-2015»-ի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենան մարտի 27-ին ԵՊՀ մեծ դահլիճում:

Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, գովասանագրեր, ինչպես նաև Մայր բուհի կողմից կպարգևատրվեն գրքերով ու դիմորդի ուղեցույցներով:

Աղբյուրը` ysu.am

Զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Ժաննա Սարգսյանը

2015թ. մարտի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում “Нахождение обратной матрицы с помощью элементарных преобразований строк” թեմայով զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Ժաննա Սարգսյանը:

Ներկա էին ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցումը, որ ներկայացվեց օտար լեզվով` ռուսերենով, հետաքրքիր էր և բովանդակալից:

Նշվեց հակադարձ մատրիցի, դրա հետ կատարվող գործողությունների մասին, բերվեցին համապատասխան օրինակներ:

Վերջում հնչեցին հարցեր, որոնք ունեցան լիարժեք պատասխաններ:

Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարում է մրցույթներ 2015-2016 ուսումնական տարում  Բուլղարիայի, Ռումինիայի,  Լեհաստանի, Վրաստանի, Հորդանանի  բարձրագույն ուսումնական հաստատություններում  բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:

Աղբյուրը` edu.am

Կանանց տոնին նվիրված միջոցառում

2015թ. մարտի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Կանանց տոնին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Միջոցառման ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները հանդես եկան լուսափթիթ գարնան, «կենաց ծառը մշտադալար պահող» կանանց ու մայրերի, «մայրամուտի շողից պոկված, արշալույսի ցողով օծված» չքնաղ հայուհիների մասին ներբող-բանաստեղծություններով ու երգերով («Մայր բառն ասելիս» /Մելինե Իսկանդարյան/, «Մայրիկ» /Մերի Ներսիսյան/, «Հայաստանի աղջիկները» /Գոհար Գրիգորյան/, «Պատրանքի թևով» /Լուսինե Սահակյան/, «Կգամ» /Նարինե Ամիրխանյան/, «Ես լսեցի մի անուշ ձայն» /Մերի Բարսեղյան/, «Ով սիրուն, սիրուն» /Ռուդիկ Դովլաթյան և Վանուհի Վանեսյան/, «Մի կյանք արժե մի համբույրը աղջկա» /Սոնա Ղևոնդյան/, «Շիրազի գովքը» /Ռուդիկ Դովլաթյան/):

Բեմի վրա ալիքվեց քնքշանուշ նաիրուհու հեզաճկուն պարը հայոց /Մարիամ Մարգարյան/, գալարվեց վալսը խելահեղ` իր շրջապտույտի մեջ առնելով պարող զույգերին:

Այնուհետև ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը` գեղեցիկ միջոցառման համար շնորհակալություն հայտնելով Ուսանողական խորհրդի անդամներին, Կանանց տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորելով մեր սիրելի մայրերին և քույրերին, կին դասախոսներին և ուսանողուհիներին.
«Մարդու ամենամեծ ուրախությունը թերևս երեխայի զգացողությունը չկորցնելն է, որը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ ունենք մայր. սիրե՛նք, փայփայե՛նք մեր մայրերին, որոնք մեր մեծագույն գանձն են, հույսն ու ապավենը կյանքում: Շնորհավորենք և շնորհակալություն հայտնենք մեր ա՛յն մայրերին, որոնց զավակները մեր սահմաններն են պաշտպանում, թո՛ղ նրանք երբևէ արցունք չթափեն, իսկ եթե պիտի արցունքոտվեն նրանց աչքերը, ապա այդ արցունքները լինեն միմիայն երջանկության արցունքներ:
Շնորհավորենք մեր կին դասախոսներին, ովքեր սահմանամերձ մարզում մեծ առաքելություն են կատարում. իրենց անձնական վարքագծով, մտավոր ու հոգևոր կարողություններով ջանք ու եռանդ չեն խնայում մեր սերնդի կրթության ու դաստիարակության գործում: Շնորհավորենք նաև մեր այն աղջիկներին, ուսանողուհիներին, ովքեր դեռ մեծ առաքելություն ունեն իրականացնելու կյանքում` մայրանալու, և տա Աստված, որ իսկապես մի օր էլ իրենց երեխաները մոմ վառեն իրենց համար, ինչպես իրենք` իրենց մայրերի»:

Միջոցառման վերջում մասնակիցներն այցելեցին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից կազմակերպված ցուցահանդես, որը գեղագիտական մեծ հաճույք ու բավականություն պատճառեց այցելուներին` առավել ամբողջական դարձնելով նրանց տոնական տրամադրությունը:

Միջոցառման մյուս լուսանկարները տե՛ս այստեղ: