Иджеванский филиал Ереванского государственного университета

Կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

2014թ. հոկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին տասնվեց տղա, ութ աղջիկ:

Տղաների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան Հեռակա ուսուցման բաժնի «Պատմություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Խաչատուր Ղուշչյանը և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը:

Հաղթեց Շավարշ Կիրակոսյանը:


Աղջիկների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Էսմա Խոսրովյանը և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մանուչարյանը:

Հաղթեց Աննա Մանուչարյանը:


Հաղթողները պարգևատրվեցին հուշանվերով և պատվոգրով:

Նարեկը եկավ ու անցավ լուսաստղի պես

Նարեկ Հովսեփյան. «Որպես մահկանացու` ես վախենում եմ պատերազմից, որպես հայրենիքի զինվոր` պատրաստ եմ պատերազմի: Անմահությունն սկսվում է հայրենիքի սիրուց…»:

Հոկտեմբերի 23-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ վաղամեռիկ ուսանող Նարեկ Հովսեփյանի  «Նոյյան աղավնու վերադարձը» և Հասմիկ Գուլակյանի «Նարեկ Հովսեփյան. առեղծվածային ակնթարթ» գրքերի շնորհանդեսը:

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող Նարեկ Հովսեփյանն ընդամենը 17 տարեկան էր, երբ հեռացավ կյանքից: Հարազատ բուհի բեմում միջոցառման ընթացքում նա լուռ նստեց համակուրսեցու կողքին և փակեց աչքերը. սրտի կաթված էր ստացել: Սակայն նա թողել է ծավալով ոչ մեծ, բայց անասելի խորությամբ մտքեր, որոնք երբեմն անբացատրելի են ու առեղծվածային:

«Վաղամեռիկ փիլիսոփա, ով 20-րդ դարի սկզբի մեր մյուս երկու հանճարեղ պատանիների` Պետրոս Դուրյանի ու Միսաք Մեծարենցի հետ, նրանցից 100 տարի անց կազմեց մի հրաշք եռյակ». ահա Նարեկին այսպես բնորոշեցին շնորհանդեսին ներկա գրականագետները, մշակույթի գործիչներն ու ակադեմիկոսները, մտավորականները, որոնց կյանքը բաժանվել էր երկու մասի՝ մինչև Նարեկը և Նարեկից հետո:

Հրապարակախոս, լրագրող Հասմիկ Գուլակյանը նշեց, որ 17-ամյա պատանու մտքերը՝ արձակ բանաստեղծությունները և փիլիսոփայական մաքսիմներն այնքան խորիմաստ են և միաժամանակ պարզ, որ դրանք վերլուծելն ու մեկնաբանելը երբեմն ուղղակի անհնարին են:

«Մարդկության պատմության մեջ եղել են հրաշամանուկ բանաստեղծներ, մաթեմատիկոսներ, շախմատիստներ, բայց ինձ հայտնի չէ գեթ մեկ մանուկ-փիլիսոփայի անուն: Եվ դա բնական է, քանի որ մարդ իր շրջապատում տեղի ունեցող երևույթների ընդհանրացման հատկությամբ օժտվում է միայն տասնամյակների ընթացքում: Սակայն հանճարեղ 17-ամյա պատանյակը եկավ հերքելու այդ աքսիոմատիկ ճշմարտությունը»,- հուզմունքը խեղդելով` ասաց գրքի հեղինակը:

Բանախոսներից յուրաքանչյուրն ուղղակի բառեր չէր գտնում նկարագրելու այն զգացողությունները, որոնք պատում են Նարեկի ստեղծագործությունները կարդալիս: Նրանք, ի վերջո, իրենց խոսքն ամփոփում էին մեկ արտահայտությամբ՝ նա հանճար էր:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ով Հասմիկ Գուլակյանի գրքի խմբագիրն է, հատուկ շնորհակալություն հայտնեց լրագրողուհուն` անձնազոհ աշխատանք կատարելու և հրաշամանուկի գործերը հասարակությանը հասանելի դարձնելու համար:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանը հայ հասարակությանը և մասնավորապես երիտասարդությանը Նարեկ Հովսեփյանի մտքերը հասցնելու համար «Ես գալիս եմ…» վերտառությամբ պիես է գրել, որը նախատեսվում է բեմադրել:

Դահլիճում ներկա էին նաև Նարեկի հարազատները և ծնողները: Հայրը՝ բանաստեղծ, նկարիչ Սաշա Հովսեփյանը, ով առաջիններից էր, որ հանրության դատին է հանձնել որդու մտքերը, ջերմ խոսքերի համար շնորհակալություն հայտնեց ներկաներին:

«Երբ հետադարձ հայացք եմ նետում անցյալին, հասկանում եմ, որ շատ բաներում սխալվել եմ: Սակայն, ցավոք, ոչինչ վերադարձնել չեմ կարող և ստիպված եմ ապրել հիշողություններով: Անկասկած, շարունակելու եմ հրապարակել Նարեկի գործերը, ինչը կօգնի անմահացնել նրա հիշատակը»,- ասաց Սաշա Հովսեփյանը և հավելեց, որ մահվան նախօրեին Նարեկը նրան հորդորել էր, որ չհավատա մահվանը, քանի որ մահն ավարտ չէ, այլ նոր բանի սկիզբ:

Աղբյուրը` ysu.am

 

Գիտական խորհրդի նիստում

2014թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Կ. Գրիգորյանը:

Նիստում քննարկվեցին Հեռակա ուսուցման համակարգում դասավանդման արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների, ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի 2011-2015թթ. կատարման ընթացքի, մասնաճյուղում Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոն ստեղծելու վերաբերյալ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց զեկուցում և Հեռակա ուսուցման բաժնի կրթության որակի բարելավմանն ուղղված առաջարկների նախագիծ:

Որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնի կրթության որակի բարելավմանն ուղղված առաջարկների նախագիծը:

ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի 2011-2015թթ. կատարման ընթացքի մասին հարցի կապակցությամբ Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի ավագ մասնագետ Մ.Ճաղարյանը հանդես եկավ զեկուցումով:

Որոշվեց հանձնարարել ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին 2014թ. դեկտեմբերի Գիտխորհրդի նիստին ներկայացնել 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի կատարողականը:

Հաջորդ հարցի վերաբերյալ զեկուցեց տնօրեն Ս.Առաքելյանը:

Որոշվեց մասնաճյուղում ստեղծել Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոն:

Orange կրթաթոշակ

Orange Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում Orange-ի գործընկեր համալսարաններում ուսանող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում՝ վերջիններիս կրթաթոշակներ տրամադրելու միջոցով:

2011 թվականից սկսած՝ Orange Հիմնադրամը տրամադրել է 258 կրթաթոշակ 9 համալսարաններում:

Տրամադրված կրթաթոշակներն ուղղվել են ուսանողների ուսման վարձավճարի մասնակի վճարմանը:

Կրթաթոշակների ծրագրի մեր գործընկեր համալսարաններից 2-ը Երևանում են՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը, իսկ 7-ը մարզերում՝ Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը:

Մեր գործընկեր համալսարանների այն ուսանողները, ովքեր ցանկանում են կրթաթոշակ ստանալ Orange Հիմնադրամից, ուսումնական տարվա սկզբին պետք է դիմեն իրենց համալսարանի վարչական բաժին՝ ներկայացնելով իրենց սոցիալական դժվարին վիճակը հավաստող փաստաթղթեր:

Լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին կտրվի առավելություն:

Orange Հիմնադրամը  հայտարարում է Հայաստանի 10 համալսարաններում 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակների տրամադրման ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր դժվարություններ ունեն հոգալու իրենց ուսման ծախսերը:

Հատուկ ուշադրություն է տրվում նաև մարզերից ժամանած ուսանողներին: Կրթաթոշակը նախատեսված է 2-րդ և ավելի բարձր կուրսերի ուսանողների համար:

Դիմում-հայտի հետ խորհուրդ է տրվում ներկայացնել նաև փաստաթղթեր, որոնք կարտացոլեն ուսանողի կամ վերջինիս ընտանիքի սոցիալական դրությունը:

Դիմում-հայտերը պետք է ներկայացնել մինչև հոկտեմբերի 31-ը:

Աղբյուրը` foundation.orangearmenia.am

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Հայտնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման 2014թ. ընդունելության քննությունների արդյունքներով մրցույթով անցած դիմորդներին, որ 2014-15 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձի մուծման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 10-ն է:

Ուսման վարձը պետք է վճարել  «Արդշինինվեստբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝  247610017094:

Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինինվեստբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս բանկային ծախսերի գումար չի գանձվում:

Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ուսուցման համակարգը, մասնագիտությունը և կուրսը:

Բանկում կատարած վճարման անդորրագիրը ներկայացնել Հեռակա ուսուցման բաժին:

 

ԵՊՀ ԻՄ -ի հաշվապահություն