2024 թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար իրականացվեց «Մանկավարժական կրթության էկոլոգիզացիա. նոր մոտեցումներ» թեմայով առցանց դաս-քննարկումը:

Այն վարեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի անգլերենի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու Նատալյա Իգորևնա Սոկոլովան (Մոսկվա):

Դաս-քննարկման թեման պատահական չէր ընտրված. այսօր չափազանց արդիական է էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության թեման, և հենց ապագա մանկավարժներն են, որ պետք է մարդկանց մեջ սերմանեն բնության, հայրենիքի, հարազատ տան՝ Երկրի հանդեպ սիրո զգացումը:

Իր դասախոսության ընթացքում Նատալյա Սոկոլովան փոխանցեց մանկավարժական բուհերի ուսանողների շրջանում բնապահպանական մշակույթի զարգացման ոլորտում իր ունեցած գիտելիքները, խոսեց մանկավարժական կրթության էկոլոգիզացիայի և հումանիզացիայի ոլորտում իր փորձի մասին բուհում  օտար լեզվի դասավանդման միջոցով:

2002 թվականին Ն. Սոկոլովան այս թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, հրատարակել է մի քանի դասագրքեր, ուսումնամեթոդական նյութեր, ավելի քան 30 գիտական հոդվածներ՝ կրթության էկոլոգիզացիայի թեմայով, մասնակցել է ուսումնասիրվող խնդրին նվիրված միջազգային գիտաժողովների, հանդես եկել զեկուցումներով և աշխատել է որպես թարգմանիչ աշխարհի բազմաթիվ երկրների նշանավոր բնապահպան-գիտնականների մոտ:

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բարձրագույն կրթության հումանիստական կողմերին, մանկավարժական տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են մանկավարժական կրթության էկոլոգիզացիայի գործընթացում:

Դասախոսության կարևոր շեշտադրումներից էր ինչպես առկա ստեղծագործական մանկավարժական տեխնոլոգիաների, այնպես էլ նորարարությունների և արհեստական ինտելեկտի կիրառումը ժամանակակից ուսանողների դասավանդման գործընթացում:

Դաս-քննարկման ընթացքում նաև ուսանողներին հանձնարարվեցին ինտերակտիվ առաջադրանքներ և հարցեր “SOCRATIVE” և “GOODLE FORM” համակարգերում:

Spread the article
©2024 All rights reserved.