2024 թ. ապրիլի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանը և փոխդեկան, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրի համակարգող Վահագն Չոբանյանը, շնորհավորելով ԵՊՀ ԻՄ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի երրորդ տարվա շրջանավարտներին, նրանց հղեցին բարեմաղթանքներ:

Սերունդների կրթության և դաստիարակության գործում ընդգծելով մանկավարժի դերն ու կարևորությունը՝ նրանք համոզմունք հայտնեցին, որ շրջանավարտներն իրենց ստացած գիտելիքների ու կարողությունների նպատակային կիրառությամբ, իրենց մանկավարժական գործունեությամբ բարձր կպահեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունն ու հեղինակությունը, արժանապատվորեն ու հպարտությամբ կկրեն համալսարանականի կոչումը:

Պարոն Մակարյանը, մագիստրոսներին մաղթելով բարի երթ և կանաչ ճանապարհ, հավելեց, որ ուսումառությունն ավարտել չի նշանակում ընդհատել կապը հարազատ բուհի հետ, որ համալսարանի դռները միշտ բաց են բոլոր շրջանավարտների առաջ, և բուհի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը սիրով սպասում, ուրախանում և հպարտանում են նրանց մասնագիտական հաջողություններով:

«Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության այս տարվա շրջանավարտ Սեդա Ոսկանյանը խորին շնորհակալություն հայտնեց բուհի թե՛ ղեկավարությանը և թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ բազմակողմանի գիտելիքներ ստանալու, ժամանակակից մանկավարժական մեթոդներին տիրապետելու, իրենց աշխարհայացքի ձևավորման և մտահորիզոնի ընդլայնման համար և շեշտեց, որ ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայում ուսումնառությունը մեծ ձեռքբերում է իրենց կյանքի ճանապարհին և մասնագիտական նոր առաջընթացի սկիզբ կդառնա:

Ապա տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:

ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2023-2024 ուստարվա 13 շրջանավարտներից 7-ը ստացավ գերազանցության դիպլոմ:

Spread the article
©2024 All rights reserved.