ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. դեկտեմբերի 2-ին կայացավ սեղանի թենիսի բաց առաջնություն, որին մասնակցում էին 55 մարզիկ-մարզուհիներ Տավուշի մարզից՝ Դիլիջանից, Դիլիջանի միջազգային դպրոցից, Թեղուտից, Պտղավանից, Վերին Ծաղկավանից, Պառավաքարից, Իջևանից և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

Առաջնությանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վարդիթեր Պողոսյանը՝ հասարակության շրջանում առողջ ապրելակերպի ամրապնդման և սպորտի մասսայականացման գործում կարևորելով նման միջոցառումների դերն ու նշանակությունը, հաջող և դիտարժան խաղ մաղթելով մասնակիցներին և ներկաներին:

Խաղերն անցկացվեցին խմբային ձևով (9 խումբ, 6-ական խաղացող). երկու պարտություն ունեցող մարզիկը դուրս էր մնում հետագա պայքարից:

Ամեն խմբից դուրս եկավ 2-ական մարզիկ, ովքեր պայքարը շարունակեցին օլիմպիական կարգով:

Առաջնությունն ընթացավ համառ և հետաքրքիր պայքարով:

Իրենց գեղեցիկ խաղով և վարպետությամբ աչքի ընկան թեղուտցի թենիսիստները՝ հատկապես Մուշեղ Անանյանը և Ալիկ Հախվերդյանը (մարզիչ՝ Արտակ Աղաջանյան):

Տղաներից մրցանակային տեղեր գրավեցին թեղուտցի մարզիկներ Ռուբեն Բեգլարյանը (1-ին տեղ), Ալիկ Հախվերդյանը (2-րդ տեղ) և Վազգեն Մուկուչյանը (3-րդ տեղ):

Աղջիկներից 1-ին տեղը գրավեց Մարիետա Մնացականյանը (Դիլիջանի թիվ 6 դպրոցի աշակերտ), 2-րդ տեղը՝ Վարդիթեր Պողոսյանը (ԵՊՀ ԻՄ դասախոս), 3-րդ տեղը՝ Լիլիթ Քոչարյանը (ԵՊՀ ԻՄ «Զբոսաշրջություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող):

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և գավաթներով:

Spread the article
©2024 All rights reserved.