2023 թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Իջևանի վարժարանում կայացավ «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների 12 աշակերտներ:

Խաղը վարեց ՈՒԳԸ նախագահ, «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Թիրաբյանը:

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան խաղը շարունակելու երկրորդ փուլում:

Երկրորդ փուլում մասնակիցները 12 թեմաներից ընտրեցին երկուական թեմա և 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց ընտրած թեմայի հարցերին: Տվյալ փուլի արդյունքների համաձայն՝ հաջորդ փուլ անցան Միքայել Հարությունյանը, Տիգրան Գևորգյանը և Ռոբերտ Ապրեսյանը:

Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին: Պայքարը շատ թեժ էր:

Առավելագույն միավորներ վաստակեց և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Միքայել Հարությունյանը, ով պարգևատրվեց պատվոգրով և մասնաճյուղի կողմից նվիրաբերված գեղարվեստական գրքով (Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպը):

Պատվոգրերով պարգևատրվեցին նաև Տիգրան Գևորգյանը և Ռոբերտ Ապրեսյանը, ովքեր զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Աշակերտները շատ տպավորված և ոգևորված էին խաղով: Երրորդ փուլ անցած աշակերտները անհամբեր սպասում են այս ուսումնական տարվա վերջում մասնաճյուղում կայանալիք եզրափակիչ փուլին, որին իրենք ևս կմասնակցեն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը նման նախաձեռնությունների միջոցով ձգտում է մոտիվացնել աշակերտներին, որ ավելի լավ սովորեն, բազմակողմանիորեն  զարգանան և ձեռք բերեն հիմնարար գիտելիքներ, ինչպես նաև այս ճանապարհով ամրապնդվում է դպրոց-բուհ կապը:

Spread the article
©2024 All rights reserved.