2023թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անգլերենի ռեսուրս կենտրոնում «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի մի խումբ ուսանողների հանդիսավոր կերպով հանձնվեցին այլընտրանքային առցանց դասընթացների մասնակցության հավաստագրեր: Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, Անգլերենի ռեսուրս կենտրոնի այլընտրանքային կրթական ծրագրերի համակարգող Էմմա Թեմրազյանը և ուսանողներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ԱՄՆ-ում գործող “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» կազմակերպության համագործակցության շնորհիվ մեր ուսանողները շարունակում են ստանալ այլընտրանքային կրթություն:

Մասնաճյուղի գործընկեր AMVN հասարակական կազմակերպության լեզվակիր մասնագետների կողմից 2022-2023 ուստարում կազմակերպվել են խոսակցական հմտությունների զարգացման առցանց դասընթացներ անգլերենով և ռուսերենով մասնագիտացող ուսանողների համար:

Դասընթացներին ակտիվորեն մասնակցած և դրանք հաջողությամբ ավարտած ուսանողները ստացան AMVN կազմակերպության համապատասխան հավաստագրեր: Ուսանողները մեծ գոհունակություն հայտնեցին դասընթացների բովանդակության և դասընթացավարների կողմից ներկայացված նյութերի օգտակարության մասին և շեշտեցին, որ դրանք նպաստել են իրենց խոսակցական հմտությունների կատարելագործմանը:

ԵՊՀ ԻՄ գործընկեր AMVN կազմակերպությունն աջակցում է ֆակուլտետի ուսանողներին նաև ընդգրկվելու կամավորական աշխատանքներում: Այդպիսի աշխատանքներից մեկն էլ մասնաճյուղի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության՝ 2022-2023 ուստարվա շրջանավարտ Լիդա Առաքելյանի կամավոր մասնակցությունն էր Անի Մանուկյանի «Հաղթեցին ապրելով» գրքի թարգմանության գործընթացին: Լիդան նշում է, որ կամավորությունն օգնեց իրեն համալսարանում ստացած գիտելիքները խորապես կիրառել գործնականում, ավելի մանրակրկիտ ուսումնասիրել ու համեմատություններ կատարել հայերենի և անգլերենի միջև, հասկանալ թարգմանության գործընթացի ընդհանուր բնույթը և դրա հետ կապված բազմաթիվ նրբություններ, բացահայտել իր ներուժը և փորձ ձեռք բերել: Լիդան անչափ շնորհակալ է մասնաճյուղի գործընկեր AMVN կազմակերպությանը՝ համալսարանում ուսանելու տարիներին իրեն և մյուս ուսանողներին նման հնարավորություն ընձեռելու համար:

Spread the article
©2024 All rights reserved.