2023թ. օգոստոսի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ՝ օրակարգային 4 և ընթացիկ 1 հարցերով:

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանի հաստատմանը, նոր՝ 2023-2024 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին, 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփմանը (լուծարքային շրջանը ներառյալ), 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակների (Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան) տրամադրմանը վերաբերող հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանում նախանշված էին 2023-2024 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հիմնական աշխատանքները՝ իրենց պատասխանատուներով, ժամկետներով, համագործակցող ստորաբաժանումներով: Ժամկետների փոփոխության առնչությամբ տնօրենության անդամների կողմից կատարվեցին որոշ առաջարկություններ:

Որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը՝ առաջարկված փոփոխություններով հանդերձ:

2023-2024 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ ներկայացվեց, որ իրականացվել են դասացուցակների, դասամատյանների, ըստ կուրսերի ու խմբերի՝ լսարանային ֆոնդի բաշխման և այլնի հետ կապված անհրաժեշտ աշխատանքները: Հաստատված դասացուցակները տեղադրվել են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում: Այդ կապակցությամբ տնօրենը նաև դեկաններին հանձնարարեց հետևողական լինել, որ դասացուցակները գործավարների կողմից ուղարկված լինեն դասախոսների էլեկտրոնային հասցեներին: Նշվեց, որ մասնաճյուղը լիովին պատրաստ է նոր ուսումնական տարվան:

2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփման (լուծարքային շրջանը ներառյալ) մասին նշվեց, որ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանին մասնակցել են առկա ուսուցման 506 և հեռակա ուսուցման 402 ուսանողներ (ավարտական կուրսերը չհաշված): Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ մասնաճյուղից հեռացվում է 4 ուսանող (առկա ուսուցման համակարգի 1 և հեռակա ուսուցման 3): Ակադեմիական պարտքեր է կուտակել 21 ուսանող (2-ը՝ առկա, 19-ը՝ հեռակա ուսուցմամբ սովորող):

Ըստ քննաշրջանի արդյունքների՝ դասընթացը կրկնող ուսանողներ չունենք:

2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակների (Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան) տրամադրման հարցի հետ կապված՝ «Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակի համար Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից առաջարկվեց «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Վահեի Վանեսյանի թեկնածությունը, իսկ «Վազգեն Սարգսյան» անվանական կրթաթոշակի համար Տնտեսագիտության ֆակուլտետի կողմից ներկայացվեց «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Մալվինա Հովհաննեսի Վարդապետյանի թեկնածությունը:

Առաջարկված թեկնածությունները հավանության արժանացան տնօրենության անդամների կողմից:

Ընթացիկ հարցը վերաբերում էր 1 ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնելուն: Նշվեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին, որի համաձայն՝ նրան թույլատրվում է վերականգնել իր ուսանողական իրավունքները:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և բոլորին մաղթեց բարեհաջող ուսումնական գործընթաց:

Spread the article
©2024 All rights reserved.