ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Նախքան օրակարգային հարցերին անցնելը պարոն Մակարյանն անդրադարձավ ս.թ. հուլիսի 12-ին մասնաճյուղում կայացած դիպլոմների հանձնման արարողությանը, շնորհակալություն հայտնեց այն անձանց, ովքեր ներդրում են ունեցել միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու գործում: Նա նշեց, որ ԵՊՀ ռեկտոր Հ.Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դ.Հովհաննիսյանը, Տավուշի մարզպետ Հ.Ղալումյանը ևս իրենց գոհունակությունն են հայտնել միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու և բանիմաց ու խելացի ուսանողներ կրթելու համար:

Ա.Մակարյանը հավելեց, որ առաջիկայում ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը կհաստատի ԵՊՀ ԻՄ-ի նոր կանոնադրությունը: Նա տնօրենության անդամներին ներկայացրեց նաև ԵՊՀ ԻՄ-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի մեջ փոփոխություն կատարելու գործընթացի մասին՝ պայմանավորված Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների տանիքի վերանորոգմամբ:

Նիստում քննարկվեցին ամբիոնային և անհատական բեռնվածությունների բաշխման ընթացքին, ԵՊՀ ԻՄ-ի 6 ամսվա՝ 2023թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածի նախահաշվի կատարողականին, Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի՝ 2022-2023 ուստարվա գործունեության հաշվետվությանը, ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցման արդյունքում վերհանված խնդիրներին, 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման 1-ին լուծարքային շրջանի արդյունքների ամփոփմանը վերաբերող հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը՝ նշելով, որ ամբիոնային և անհատական բեռնվածությունների բաշխման գործընթացը մեծ մասամբ իրականացված է, կան որոշ խնդիրներ՝ կապված առանձին դասախոսների զբաղվածության, նրանց գիտական հետաքրքրությունների և ուսումնական փորձի վրա հիմնված դասաբաշխման, երկու կիսամյակների, առկա և հեռակա բեռնվածությունների միջև հավասար հարաբերակցության ապահովման հետ:

Տնօրենը ֆակուլտետների դեկաններին և Ուսումնամեթոդական վարչության պետին հանձնարարեց սեղմ ժամկետներում կատարել բոլոր շտկումներն ու ճշգրտումները, ավարտին հասցնել ամբիոնային և անհատական բեռնվածությունների բաշխման գործընթացը և մինչև դասախոսների արձակուրդից վերադառնալը պատրաստել նոր ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դասացուցակները:

Երկրորդ հարցի մասին զեկուցեց գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը՝ ներկայացնելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածի նախահաշվի կատարողականը: Նշվեց, որ այն դեֆիցիտային է, այսինքն՝ մուտքերն ավելի քիչ են, քան ելքերը: Մուտքերը (եկամուտները) կազմում են 256.588,9 մլն. ՀՀ դրամ, որի 77%-ը ուսման վճարներն են՝ 138.041,8 մլն. ՀՀ դրամ: Ելքերը (ծախսերը) կազմում են 278.331,1 մլն. ՀՀ դրամ: Ծախսերի ամենամեծ հոդվածն է «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումների ծախսեր»-ը, որոնք կազմում են ծախսերի 75%-ը՝ 208.268,1 մլն. ՀՀ դրամ: Ներկայացնելով 6 ամսվա ընթացքում իրականացված ծախսերը՝ զեկուցողը շեշտեց, որ ամենամեծ գնումը եղել է մասնաճյուղի համար տրանսպորտի ձեռքբերումը: Նախատեսվում է 2023 թվականի նախահաշվում կատարել փոփոխություն հիմնանորոգման ծախսերի գծով:

Նիստում Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի՝ 2022-2023 ուստարվա գործունեության հաշվետվությունը ներկայացրեց բաժնի մասնագետ Ա.Պողոսյանը: Զեկուցողը մասնավորապես նշեց, որ Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժինը 2022-2023 ուստարվա ընթացքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար գնանշման հարցմամբ կազմակերպվել է 3 մրցույթ, էլեկտրոնային աճուրդով՝  12 մրցույթ, մեկ անձից գնման ձևով՝ 162 համագործակցություն:

Այս ընթացքում կնքվել է 43 պայմանագիր՝ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով:

Գնանշման հարցմամբ կայացած մրցույթներին մասնակցել է 3 կազմակերպություն, որոնցից 2-ի հետ կնքվել են պայմանագրեր: Էլեկտրոնային աճուրդով կայացած մրցույթներին մասնակցած 25 կազմակերպությունից 23-ի հետ կնքվել են պայմանագրեր:

Ըստ գնումների գործընթացի կազմակերպման կարգի՝ մեկ անձից գնման ձևով կազմակերպված 162 ընթացակարգից 18 կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, իսկ 144-ը կատարվել է հաշիվ ապրանքագրերի հիման վրա: Ձեռք բերված բոլոր ապրանքատեսակները մուտքագրվել են պահեստ:

ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցման արդյունքում վերհանված խնդիրների վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Նա ներկայացրեց 2023թ. մայիսին իրենց բաժնի կողմից իրականացված Մասնաճյուղում ստացած կրթությունից 2023թ․ շրջանավարտների բավարարվածության ուսումնասիրության հարցման արդյունքների հիման վրա վերհանված խնդիրները՝ ըստ ուղղությունների և կրթական ծրագրերի: Զեկուցողը նշեց, որ հարցումն իրականացվել է առցանց՝ ամփոփիչ ատեստավորման քննությունից հետո: 2022-23 ուստարում մասնաճյուղն առկա ուսուցման 12 կրթական ծրագրով տվել է 129 շրջանավարտ, որոնցից հարցմանը մասնակցել է 124-ը, այսինքն՝ շրջանավարտների 96%-ը: Հարցմանը մասնակցած 124 շրջանավարտներից 39-ի (31%) միջին որակական գնահատականը եղել է 18-20, իսկ 68-ինը (55%)` 13-17: Մասնաճյուղի ընդամենը 17 շրջանավարտ է ունեցել բավարար առաջադիմություն:

2023թ. շրջանավարտները մասնաճյուղում ստացած իրենց կրթությունը գնահատել են բարձր գնահատականներով, և բոլոր կրթական ծրագրերի համար (բացառությամբ 2 կրթական ծրագրի) միջին գնահատականը բարձր է 4․4-ից:

Հարցման ընթացքում մասնաճյուղի թույլ կողմերի վերաբերյալ բաց հարցին պատասխանել է 43 շրջանավարտ: Դրանք բաժինը, դիտարկելով որպես խնդիրներ, համակարգել է ըստ մի քանի ուղղությունների: Նշված խնդիրներում ռեսուրսների առումով շեշտադրվում են շենքային պայմանները (Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետներ), լսարանների անբավարար քանակը (Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետներ), կողմնակի անձանց մուտքը մասնաճյուղի տարածք և այլն: Կան նաև պրոֆեսորադասախոսական կազմի անձնական որակներին, ուսանող-դասախոս հարաբերություններին, ոչ օբյեկտիվ  գնահատմանը վերաբերող խնդիրներ:

Բաց հարցերի պատասխաններն առանց խմբագրման ուղարկվել են ֆակուլտետներ, որպեսզի ֆակուլտետներն ըստ կրթական ծրագրերի, հասցեական կարողանան դիտարկել խնդիրները և լուծում տալ դրանց:

Վերջին հարցի՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման 1-ին լուծարքային շրջանի անդյունքների ամփոփման մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Մասնավորապես նշվեց, որ 2022-23 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման 1-ին լուծարքային շրջանն ավարտվել է ս.թ. հուլիսի 6-ին: Առկա ուսուցման համակարգում ակադեմիական պարտքեր է կուտակել 116-ից 33 ուսանող, հեռակա ուսուցման համակարգում՝ 245-ից 103 ուսանող: Ըստ այդմ՝ 136 ուսանող ս.թ. օգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում պետք է մասնակցի 2-րդ լուծարքային շրջանին: Այս հարցի կապակցությամբ տնօրենը ֆակուլտետների դեկաններին հանձնարարեց գործավարների միջոցով 136 ուսանողների էլեկտրոնային հասցեներին ուղարկել 2022-23 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման 2-րդ լուծարքային շրջանի ժամանակացույցները:

Իբրև ամփոփում՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը արձակուրդ մեկնող աշխատակիցներին մաղթեց բարի ու արդյունավետ հանգիստ և հայտնեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ամբողջ անձնակազմը ս.թ. օգոստոսի 22-ից աշխատանքի է:

  

Spread the article
©2024 All rights reserved.