1. գլխավոր 2023թ. մայիսի 3-ին Եվրասիական փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում անցկացվեց «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով հրապարակային դասախոսություն, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը` ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի գործունեությունը և հրապարակային դասախոսությունների շարքի նախաձեռման նպատակն ու խնդիրները:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող  Արամ Սաֆարյանը, անդրադառնալով Եվրասիական ինտեգրման գործընթացի ծավալմանը ՀՀ շահերի և ակնկալիքի տեսանկյունից, նշեց. «Եվրասիական տնտեսական միության 9 տարիների ընթացքում Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ աճել է ավելի քան 10 անգամ: Մեր արտաքին առևտրի այդ ուղղությանն են այսօր բաժին ընկնում արտահանման 31%-ը և ներկրման 41%-ը: 2022 թվականն աննախադեպ տնտեսական հաջողության տարի էր Հայաստանի համար: Տնտեսական ակտիվության աճի 14%-անոց մակարդակի պայմաններում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12%-ով: Սա աշխարհի մասշտաբով խոշոր տնտեսական նվաճում է, և համակարգված աշխատանքի շարունակականությամբ պետք է հնարավորություններ ստեղծվեն տնտեսական կայուն աճի ապահովման համար»:

Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների շուրջ հասարակական կարծիքի ձևավորման հիմնախնդիրներին, նշեց, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը (տարբեր սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ մոտ 75-80%) հետևողականորեն Ռուսաստանին վերաբերվել է որպես ամենամոտ և վստահելի գործընկերոջ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին ժամանակներում ակնհայտորեն աճել է նաև հակառուսական դիսկուրսը:

«Հայաստանի տնտեսական առաջընթացի հեռանկարները ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում» զեկույց-ելույթում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը մասնավորապես նշեց. «Հավասարակշռված և նպատակաուղղված տնտեսական քաղաքականության դեպքում Հայաստանում կարող են շարունակվել դրական միտումները: Կարելի է նաև կանխատեսել, որ եթե կառավարությանը հաջողվի գրավիչ պայմաններ ստեղծել Ռուսաստանից եկած ձեռներեցների համար, ապա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կնքումից հետո, եթե մնա ներդրված կապիտալի նույնիսկ 10%-ը, Հայաստանի տնտեսությունը կկարողանա պահպանել կայուն աճի տեմպեր»:

Հաջորդ բանախոս պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիգոր Բալասանյանը նշեց, որ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հիմնական նպատակներից մեկը պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների միջև կապերի ամրապնդումը և անդրսահմանային համագործակցությունը: Մասնավորապես Տավուշի մարզը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի և սահմանակից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների մարզերի միջև:

Հրապարակային դասախոսության վերջում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ բովանդակային դասախոսության համար շնորհակալություն հայտնելով Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Ա.Սաֆարյանին և փորձագետներին, ընդգծելով, որ նմանօրինակ գիտական դասախոսություններն ու ոլորտի մասնագետների հետ շփումը նպաստում են ուսանողների մասնագիտական աճին, բարձրացնում տարածաշրջանային գործընթացների շուրջ տեղեկացվածության մակարդակը:

Spread the article
©2024 All rights reserved.