ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի նախաձեռնությամբ 2023թ. ապրիլի 25-28-ը մասնաճյուղի դասախոսները ակնարկային դասախոսություններով հանդես եկան մարզի տարբեր դպրոցներում:

Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Հ.Ալեքյանը ապրիլի 25-ին հանդիպում ունեցավ Իջևանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի՝ ֆիզիկամաթեմատիկական ուղղվածությամբ սովորող աշակերտների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի վերջին մամլո հաղորդագրությունը ներկացնող տեսաշարը: Դպրոցականներին ներկայացվեցին տեսական և գործառնական հիմնական մտածողության ուղղությունները, որոնցից օգտվում է ՀՀ կենտրոնական բանկը տնտեսական իրադարձություն­ները գնահատելիս և մեկնաբանելիս: Մեկ ամբողջական շնորհանդեսի միջոցով ամփոփ ներկայացվեց կիրառվելիք գիտական մեթոդը՝ տնտեսական մոդելներն ու տեսությունը, հասարակության հետ ունեցած կապը:

Ապրիլի 27-ին Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Մ.Կարապետյանը և դասախոս Դ.Մարգարյանը Սևքարի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների համար կարդացին «Ֆրանսերենը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը» թեմայով ակնարկային դասախոսություն: Աշակերտներին ներկայացվեց Հայաստանի սերտ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, որն արտահայտվում է մի շարք ծրագրերի իրականացմամբ: Մասնավորապես քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը և «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրով սովորող ուսանողներին տրվող հնարավությունները:

Ապրիլի 28-ին Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Ա.Մարդանյանը և դասախոս Ա.Հովհաննիսյանը «Բանավոր խոսքի ըմբռնումը» թեմայով ակնարկային դասախոսություն կարդացին Իջևանի վարժարանի 10-12-րդ դասարանների՝ ֆրանսերեն լեզու ուսումնասիրող աշակերտների համար: Դասախոսները ներկայացրին բանավոր խոսքի ըմբռնման առանձնահատկությունները և կարևորությունը: Ա.Մարդանյանն իր խոսքում ընդգծեց, որ բանավոր խոսքն ըմբռնելու հմտությունների ձևավորումը ուսուցման հիմնական նպատակներից և կարևորագույն միջոցներից մեկն է: Օտարերկրացին ֆրանկոֆոն երկիր ոտք դնելիս անմիջապես կարիք է ունենում շփվել և հասկանալ ֆրանսերեն բանավոր խոսքը, ահա թե ինչու սովորողը պետք է կարողություններ և հմտություններ ձեռք բերի ուսուցման գործընթացում՝ օտար լեզվով  խոսքը ըմբռնելու և արտահայտվելու հարցում:

Այնուհետև աշակերտների համար իրականացվեց գործնական աշխատանք՝ ընդհանրացնելով նախկինում ձեռք բերված գիտելիքները «Գնումներ» և «Աշակերտի առօրյան» թեմաներով, հաշվի առնելով, որ աշակերտները հանդես են գալիս լեզվի իմացության տարբեր մակարդակներում: Ֆրանսերեն տեսանյութերի դիտումը և ուղղորդված հարցերն օգնեցին աշակերտներին կենտրոնանալ առաջադրանքի վրա և առավելագույնս ներգրավվել ուսուցման գործընթացում: Գործնական աշխատանքն աշակերտների մեջ առաջացրեց մեծ հետաքրքրություն, և նրանք ցանկություն հայտնեցին նման աշխատանքներ հաճախակի իրականացնել դասերի ընթացքում:

Թեև աշակերտներն ունեին տարբեր մասնագիտական հետաքրքրություններ, սակայն դասախոսների այցը մեծապես ոգևորեց նրանց և օգնեց ընդհանրացնելու նախկինում ձեռք բերված և յուրացնելու նոր գիտելիքներ:

Spread the article
©2024 All rights reserved.