ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Մ․Ազիզյանը 2023թ. հունվար-փետրվար ամիսներին կազմակերպել է մի շարք հոգեբանական առցանց սեմինարներ և դասախոսություններ «Հոգեբանություն» կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման ուսանողների համար:

Առաջին՝ «Երազների վերլուծությունը վերլուծական հոգեբանության շրջանակում» թեմայով սեմինարի բանախոսն էր Վերլուծական հոգեբանության հայկական ասոցացիայի հիմնադիր-անդամ, կլինիկական հոգեբան, երազներում առկա սիմվոլների վերլուծության մասնագետ Անի Պապիկյանը։ Սեմինարի ընթացքում քննարկվեց, թե յուրաքանչյուր տարիքային խմբում ինչպես են երազներում դրևսորվում կոլեկտիվ անգիտակցականում առկա արխետիպերը, ինչ նշանակություն ունեն այդ սիմվոլները, թե ինչպես կարող է այդ սիմվոլների հետ աշխատել հոգեթերապևտը։

Երկրորդ հանդիպման բանախոսն էր Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հոգեբան, գեշտալտ թերապևտ, օժտված անձանց հետ աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող մասնագետ Վիկտորյա Ծատուրյանը, ով ներկայացրեց Հայաստանի համար շատ արդիական և քիչ ուսումնասիրված թեմա՝ «Օժտվածության  էությունը։ Ինչպե՞ս աշխատել օժտված անձանց հետ»։ Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան օժտված մարդկանց էությանը, բնութագրիչներին, տեսակներին, թե ինչպիսի դժվարություններ են ունենում օժտված դեռահասները դպրոցում, հասարակության մեջ, ինչպես կարող է իրենց աջակցել դպրոցի, կրթության հոգեբանը։

Երրորդ՝ «Աուտիզմի սպեկտորի խանգարման էությունը, հիմնական մոտեցումները» թեմայով դասախոսությունը վարեց հ․գ․թ․, դոցենտ, կիրառական վարքի վերլուծության մագիստրոս (ԱՄՆ-ում) Լիլիթ Գարգրցյանը: Դասախոսության ընթացքում ուսանողները ծանոթացան աուտիզմի սպեկտրի խանգարման էությանը, դրևսորումներին, ախտորոշմանը, ինչպես նաև հոգեբանական աշխատանքներ կատարելու մոտեցումներին։

Չորրորդ սեմինարի թեման («Ծնողների հետ աշխատանքի մեթոդական մոտեցումները») ուղղված էր ծնողավարությանը, այցելու երեխաների ծնողների հետ տարվող հոգեբանական աշխատանքին, և այն վարում էր անալիտիկ հոգեբան, թերապևտիկ աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող հոգեթերապևտ Լիլիթ Մանուկյանը: Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան մանկան թերապիայում ծնողների դերին, կարևորությանը, իմացան, թե ինչպես կարող են ներգրավել ծնողներին այցելու երեխայի խնդրի լուծման մեջ, և որոնք են ծնողի ներգրավման մեթոդական մոտեցումները:

Հինգերորդ՝ «Ոչ վերբալ վարքի հոգեբանություն» թեմայով սեմինարը վարեց հոգեբան, պրոֆայլինգի մասնագետ, ռազմական հոգեբանության, ոչ վերբալ հաղորդակցման մասնագետ Գրիգորի Բադալյանը: Սեմինարի շրջանակում նա խոսեց ոչ վերբալ հաղորդակցման, ժեստերի, տեմբրի, ձայնի էության, նշանակության, փոփոխության մասին, թե ինչպես կարող ենք դրանք «կարդալ», որոնք են հույզերի դրսևորման ձևերը և այդ դրսևորումների փոփոխման պատճառները: Սեմինարի ընթացքում ուսանողները փորձեցին վերլուծել մի շարք քաղաքական գործիչների ոչ վերբալ ազդակները:

Այս արտալսարանային առցանց դասերի շնորհիվ ուսանողները կարողացան ընդլայնել իրենց մասնագիտական գիտելիքները և զարգացնել պրակտիկ որոշ հմտություններ:

Spread the article
©2024 All rights reserved.