ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. նոյեմբերի 26-ին Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ օրակարգային չորս և ընթացիկ երկու հարցերով:

Մինչև օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը պարոն Մակարյանը շնորհավորեց գիտական խորհրդի անդամներին և մասնաճյուղի աշխատակազմին «Գործարար վարչարարություն (կառարավում)» մագիստրոսական նոր կրթական ծրագրով գործունեության թույլտվություն տրամադրելու ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը ստանալու առիթով:

Մյուս հարցը, որին անդրադարձավ պարոն Մակարյանը, վերաբերում էր e-learning հարթակում մասնաճյուղի դասախոսների ներկայացվածության տվյալներին: Նա ամբիոնների վարիչներին և ֆակուլտետների դեկաններին ներկայացրեց իրավիճակի քանակական պատկերը և նշեց, որ նրանք պետք է կարճ ժամանակամիջոցում ապահովեն դասախոսների կողմից անհրաժեշտ մինիմալ նյութերի տեղադրումը հարթակում:

Այնուհետև քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2021-2022 թթ. կարծիքների ուսումնասիրությանը, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշվին (բյուջե), ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. ընդունելության արդյունքներին (առկա և հեռակա ուսուցում), ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հաստատմանը վերաբերող հարցեր:

Գիտխորհրդի նիստում առաջարկված փոփոխություններով հանդերձ՝ հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի կրթական ծրագրերի շրջանավարտների ընդհանրական կոմպետենցիաների պարտադիր կազմը, ԵՊՀ ԻՄ-ում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը:

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2021-2022 թթ. կարծիքների ուսումնասիրության հարցի կապակցությամբ զեկուցեց Արտաքին կապերի բաժնի մասնագետ Ա.Սարգսյանը: Նա մասնավորապես նշեց, որ ուսումնասիրության նպատակն էր պարզել արտաքին շահակիցների կարծիքը մասնաճյուղի շրջանավարտների մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ: Հետազոտության արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնող են, ինչը փաստում է, որ մասնաճյուղը կատարում է իր առջև դրված գլխավոր ռազմավարական խնդիրներից մեկը, այն է՝ աշխատաշուկային տալ մրցունակ մասնագետներ: 5-բալային սանդղակով գործատուները գնահատել են մասնաճյուղի շրջանավարտների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կազմակերպչական ու հաղորդակցական կարողությունները, անձնային-բարոյական որակները, ինքնակատարելագործման դրսևորումը, թիմային աշխատանք կատարելու ունակությունները և այլն:

Օրինակ՝ մեր շրջանավարտների տեսական գիտելիքների իմացությանը 4 և 5 գնահատականներ է տվել հարցմանը մասնակցած 73 շահակիցներից 57-ը (78.1%-ը), որը մյուս որակների համեմատ բարձր ցուցանիշ է, մասնագիտական պատրաստվածությանը՝ 56-ը (76․7%-ը), սակայն պետք է նշել, որ մեր շրջանավարտների գործնական հմտությունները (միջին գնահատականը՝ 3․71)    և մասնագիտական խոսքը (միջին գնահատականը՝ 3․87) համեմատաբար ցածր են գնահատվել շահակիցների կողմից: Ըստ այդմ՝ առաջարկվում է ամբիոններում քննարկել այս արդյունքները, մշակել մոտեցումներ առանձնապես ուսանողների գործնական կարողությունների և մասնագիտական խոսքի զարգացման ուղղությամբ:

Այս հարցման շրջանակներում ուսումնասիրվել են նաև մարզի գործատուների կարծիքները մասնաճյուղի հեղինակության վերաբերյալ իրենց կազմակերպությունում և ընդհանրապես տարածաշրջանում: Հարցմանը մասնակից 73 գործատուներից 63-ը (86.3%-ը) իրենց կազմակերպությունում մասնաճյուղի հեղինակությունը գնահատել է 4 և 5 գնահատականներով: Այդ ցուցանիշը վերջին տարվա համեմատ աճել է: Այն հարցին, թե խորհուրդ կտան մեր շահակիցներն իրենց մերձավորներին և ընկերներին դիմել ԵՊՀ ԻՄ, դրական է պատասխանել հարցման մասնակիցներից 67-ը (91.8%-ը). այս ցուցանիշն աճել է նախորդ տարիների համեմատ, ինչը բավականին լավ արդյունք է:

Գիտխորհրդի նիստում հարցման արդյունքներն ընդունվեցին ի գիտություն, և առաջարկվեց դրանք ուղարկել ամբիոններ և ուսումնական գործընթացի հետ կապված բոլոր ստորաբաժանումներ՝ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին զեկուցեց գլխավոր հաշվապահ Մ․Մխիթարյանը: Զեկուցողը ներկայացրեց, որ 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հոդվածի ցուցանիշները կազմվել են նախորդ տարվա նախահաշվի կատարողականի ցուցանիշների, ինչպես նաև կանխատեսումների և պլանավորման վրա: 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե) դեֆիցիտային է (ծախսերն ավելի շատ են, քան մուտքերը), իսկ դեֆիցիտի լրացման աղբյուրը 2022թ. հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված դրամական հոսքերի մնացորդն է: Նախահաշվի 2 խոշոր հոդվածներում առկա փոփոխություններից մեկը վերաբերում է ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների աշխատավարձերի՝ ՌԾ-ով նախատեսված 10% բարձրացմանը, մյուսն առնչվում է Երևանից ժամանող դասախոսներին տեղափոխելու համար նոր միկրոավտոբուսի ձեռքբերմանը: Նախահաշվի մնացած հոդվածներում էական փոփոխություններ չկան:

2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե) ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի անդամների կողմից արժանացավ հավանության, և որոշվեց այն ներկայայացնել ԵՊՀ՝ հաստատման:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. ընդունելության արդյունքների (առկա և հեռակա ուսուցում) վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2022թ. ընդունելության արդյունքների (առկա և հեռակա ուսուցում) ցուցանիշը 40 հոգով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին: 2022թ. ԵՊՀ ԻՄ ընդունված առաջին կուրսեցիների և ՄՄՈՒՀ-ից ԵՊՀ ԻՄ-ում ուսումնառությունը շարունակողների ընդհանուր թիվը 270 է, որից բակալավրիատի առկա ուսուցմամբ առաջին կուրսեցիների թիվը՝ 182, հեռակա ուսուցմամբ առաջին կուրսեցիների թիվը՝ 45, ՄՄՈՒՀ-ից ուսումնառությունը շարունակողների թիվը՝ 29, մագիստրատուրա (հեռակա ուսուցմամբ) ընդունվածների թիվը՝ 14:

ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի շրջանավարտների ընդհանրական կոմպետենցիաների պարտադիր կազմի վերաբերյալ զեկուցեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման (ԿԲԴՎ) բաժնի վարիչ Ն․Գրիգորյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 1-ին նպատակի 1.2.3. խնդրի («Մշակել և կրթական ծրագրերում ներ­դնել ԵՊՀ ԻՄ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների ընդհանրական կոմպետեն­ցիաների պարտադիր կազմ») իրականացման հանձնառությունից ելնելով՝ ԿԲԴՎ բաժինը մշակել է բակալավրի կրթական ծրագրերի շրջանավարտների ընդհանրական կոմպետեցիաների պարտադիր կազմը: Ն.Գրիգորյանը հավելեց, որ այս փաստաթուղթը քննարկվել է կրթական ծրագրերի ղեկավարների հետ, եղել են առաջարկություններ: Հարցը քննարկվել է նաև ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի՝ 2022թ. մայիսի 24-ի նիստում:

ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի կրթական ծրագրերի շրջանավարտների ընդհանրական կոմպետենցիաների պարտադիր կազմը որոշվեց հաստատել:

Spread the article
©2024 All rights reserved.