2022թ. մայիսի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Ս.Մինասյանի աջակցությամբ կազմակերպել էր «Moodle էլեկտրոնային ուսուցման համակարգի կիրառման միջազգային փորձը» վերապատրաստման առցանց դասընթացը:

Վերապատրաստումը վարում էին Բոլոնիայի համալսարանի մասնագետները՝ Բոլոնիայի համալսարանի CLA լեզվաբանական կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Վանիո Պրետին, դասախոսներ Սիմոնա Բերարդին և Լյուդմիլա Բուգլագովան:

Դասընթացին, որի աշխատանքային լեզուն ռուսերենն էր, մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, ԿԲԴՎ բաժնի աշխատակիցները, մասնաճյուղի ավելի քան 2 տասնյակ դասախոսներ և աշխատակիցներ:

Վերապատրաստման դասընթացի սկզբում Վանիո Պրետին անդրադարձավ Բոլոնիայի համալսարանում Moodle համակարգի ներդրման գործընթացին: Նա նշեց, որ դեռևս 2006 թվականից դասախոսներն իրենց ուսումնական նյութերը ձևավորել և սկսել էին տեղադրել Moodle-ում: Սակայն համակարգն առավել լայն կիրառություն ստացավ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ ուսուցումն անցկացվում էր առցանց:

Այնուհետև դասախոսներ Սիմոնա Բերարդին և Լյուդմիլա Բուգլագովան դասընթացի մասնակիցներին ներկայացրին իրենց փորձը, առցանց համակարգի  առավելություններն ու թերությունները:

Շեշտվեց, որ համակարգը հնարավորություն է տալիս դասընթացի առցանց տիրույթում ներմուծել անհրաժեշտ դասախոսությունների ուսուցման նյութեր (ppt, pdf, text, html, video, audio, doc և այլ ֆորմատներով), նախագծել հարցաշար, ստեղծել ֆորում, ավելացնել քննարկումներ, ստեղծել զրուցարան, վերահսկել ուսանողների աշխատանքները: Այն թույլ է տալիս ուսանողին ստեղծել ֆորումի թեմա իրեն հետաքրքրող հարցի վերաբերյալ, ստեղծած թեմայի շուրջ գրել իր կարծիքը, կազմակերպել արագ քվեարկություն «Հարցում» բաժնում՝ թեմայի ընտրությունը կամ դասընթացի  ուղղությունը որոշելու համար: Չնայած թվարկված հնարավորություններին՝ համակարգը շարունակաբար զարգացվող նախագիծ է, մշտապես թարմացվում և կատարելագործվում է:

ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների և Բոլոնիայի համալսարանի դասընթացավարների միջև հարցուպատասխանի միջոցով տեղի ունեցավ քննարկում:

Դասընթացի վերջում Ա.Մակարյանը ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և աշխատակիցների կողմից շնորհակալություն հայտնեց դասընթացը կազմակերպելու և իրականացնելու համար: Նա հավելեց, որ ս.թ. սեպտեմբերից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ևս պարտադիր կիրառելու է Moodle համակարգը, և հույս հայտնեց, որ հետագայում էլ կկազմակերպվեն նմանատիպ արդյունավետ հանդիպումներ Բոլոնիայի համալսարանի գործընկերների հետ:

Spread the article
©2024 All rights reserved.