2022թ. ապրիլի 19-ից մայիսի 26-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ» մոդուլում ներառված «Աշխատանք վիրտուալ կրթական միջավայրում» դասընթացը, որը կազմակերպվել է ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի և դասախոսների վերապատրաստման բաժնի կողմից:

Վերապատրաստման դասընթացը վարում է Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի աշխատակից Աննա Մանուչարյանը, մասնակցում են ԵՊՀ ԻՄ-ի 4 տասնյակ դասախոսներ՝ երկու խմբով:

«Աշխատանք վիրտուալ  կրթական  միջավայրում» դասընթացի  նպատակն  է ունկնդիր դասախոսներին ծանոթացնել առցանց ուսուցման Մուդլ (Moodle) համակարգին, վիրտուալ  տիրույթում դասախոս-ուսանող և ուսանող-ուսանող փոխգործակցության սկզբունքներին:

Մասնավորապես՝ դասընթացի մասնակիցներն իմանում են, թե ինչ է Moodle-ը, ծանոթանում են համակարգի ինտերֆեյսին, ռեսուրսների և բաժինների կառավարմանը, դասընթացի տարրերին և պաշարներին:

Վերապատրաստվող դասախոսները սովորում են Moodle համակարգում տեղադրել ֆայլեր (pdf, word, ppt և այլն), դասախոսություններ, հղումներ, գրքեր, էջեր, թեստային առաջադրանքներ, հանձնարարություններ, ուսուցման այլ տարրեր («Ֆորում», «Չաթ»), կատարել մասնակիցների ընդգրկում դասընթացում, նշումներ օրացույցի վրա, դասընթացների արխիվացում և վերականգնում:

Moodle համակարգը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել ամբողջական տեղեկատվություն դասընթացի  ընդհանուր  նկարագրի, անհրաժեշտ գրականության մասին, տրված առաջադրանքների և դրանց կատարման համար սահմանված ժամկետների վերաբերյալ, հարցեր առաջադրել դասախոսին և ստանալ դրանց պատասխանները, կազմակերպել քննարկումներ իրար միջև:

Դասընթացի ավարտին ունկնդիր դասախոսները կկարողանան առցանց ուսուցման համակարգում տեղադրել իրենց կողմից դասավանդվող դասընթացների փաթեթները, վերահսկել ուսանողների աշխատանքը համակարգում,  ունենալ առցանց ուսուցման համակարգում աշխատելու կարողություններ, նախագծել ամբողջական էլեկտրոնային դասընթաց:

2022-23 ուսումնական տարվա սեպտեմբերից առցանց ուսուցման Moodle հարթակի կիրառումը պարտադիր է դառնալու մասնաճյուղի բոլոր դասախոսների համար։

Spread the article
©2024 All rights reserved.