2021թ. դեկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ԱԻՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Վիկտոր Աբազյանը և նույն վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Սամվել Ուլիխանյանը:

Այցելության նպատակն էր ուսանողների հետ անցկացնել «Քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) ուժերի ստեղծման պատմությունը, ՔՊ մասին օրենքը, ՔՊ սկզբունքները, ձևերը, միջոցառումները» թեմայով դաս-քննարկում:

Դասի ընթացքում վարչության աշխատակիցներն ուսանողներին բացատրեցին, թե ինչ է քաղաքացիական պաշտպանությունը, այն բնութագրեցին որպես միջոցառումների համակարգ՝ ուղղված բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում:

Անդրադարձ կատարվեց քաղաքացիական պաշտպանության երեք սկզբունքներին, որոնք են՝

  • քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում,
  • քաղաքացիական պաշտպանության իրականացումը տարբերակված՝ ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների,
  • քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով:

Ապա ներկայացվեցին քաղաքացիական պաշտպանության ձևերը (տարհանումը, պատսպարումը, անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը), ՔՊ միջոցառումների տեսակները (նախապատրաստական և հիմնական), ծառայությունները:

Նշվեց, որ մասնաճյուղում քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպվում է ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբի կողմից, որը ոլորտում իրականացնում է առանձնահատուկ գործունեություն` ուսուցման կազմակերպում, կազմավորումների ստեղծում, ՔՊ գույքի ձեռքբերման ուղիների մատնանշում, անձնակազմի և ուսանողների պատսպարման և տարհանման հարցերի ներկայացում և լուծում, ուսումնական վարժանքների պլանավորում ու իրականացում և այլն (մանրամասները՝ ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբի կանոնադրությունում

Ընդհանուր գծերով ներկայացվեց նաև բնական աղետների, դրանց կանխարգելման միջոցառումների և պաշտպանվելու եղանակների մասին:

Ուսանողները ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներից ստացան թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Հաջորդիվ նախատեսվում է կազմակերպել մեր ուսանողների այցը ԱԻՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն՝ տեղում ծանոթանալու մասնավորապես Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատանքներին, գույք-սարքավորումներին և անվտանգության կանոններին:

Spread the article
©2024 All rights reserved.