Այցելության նպատակն էր տեղում ծանոթանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, զարգացնել և խորացնել երկու բուհերի միջև համագործակցությունը:
Նախ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանի, վարչական համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների/պատասխանատուների և Գլաձորի համալսարանի պատվիրակության անդամների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, ապա կնքվեց համագործակցության հուշագիր:
Կնքված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու կրթական ու գիտահետազոտական ոլորտներում, մասնավորապես՝
իրականացնել կրթական շարունակականությանն ուղղված ծրագրեր,
կազմակերպել հանդիպում-քննարկումներ՝ կողմերի առաջատար մասնագետների մասնակցությամբ,
իրականացնել փոխադարձ այցեր՝ բենչմարքինգ անցկացնելու նպատակով,
համագործակցել ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և բարելավման աշխատանքների շուրջ,
անցկացնել գիտական և գործնական, ինչպես նաև գիտական և մեթոդաբանական գիտաժողովներ,
ապահովել ուսանողների և դասախոսների շարժունությունը սույն հուշագրի շրջանակներում ծավալվող միջոցառումներին (այդ թվում նաև վիրտուալ-առցանց), ինչպիսիք են՝ վերապատրաստումներ, սեմինարներ, խորհրդակցություններ, կլոր-սեղան քննարկումներ, հանրային դասախոսություններ, գիտաժողովներ և այլն,
իրականացնել համատեղ հետազոտական նախագծեր,
համատեղ կազմակերպել և իրականացնել միջբուհական մշակութային միջոցառումներ,
համագործակցել դասագրքերի, ուղեցույցների և այլ կրթական և ուսումնամեթոդական գրականության հրատարակման հետ կապված հարցերում,
որպես գործընկերներ մասնակցել եվրոպական ծրագրերին,
կազմակերպել կողմերի ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական, արտադրական պրակտիկաներ և այլն:
Հուշագրի կնքումից հետո տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը մասնաճյուղի անունից նվիրեց Գլաձորի համալսարանի պատվիրակությանը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար «Արդյունավետ հաղորդակցման հմտություններ» թեմայով վարպետության դաս անցկացրեց ԵԳՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Դանիել Ջհանգիրյանը:
Ապա կազմակերպվեց շրջայց մասնաճյուղում, որի ընթացքում հյուրերը տեղում ծանոթացան բուհի վարչական ստորաբաժանումների, գործող կենտրոնների և ամբիոնների գործունեությանը, մասնագիտություններին, գրադարանային ֆոնդին, երկու բուհերի ներկայացուցիչներն իրար փոխանցեցին իրենց առաջավոր փորձը:
Գլաձորի համալսարանի պատվիրակությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացավ փոխադարձ այցի ակնկալիքով և համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությամբ: