Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայոց բանակը ստեղծվեց Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:
1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր: 1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:
Օրը դարձավ տոն 2001 թվականին, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:
28 տարիների ընթացքում մեր բանակը անցավ հաղթանակներով լեցուն մարտական ուղի:
Հայոց բանակի զինվորների և հրամանատարների ջանքերով այսօր երաշխավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը, մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:
Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից բացի` այսօր Հայոց բանակը բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն…
Փա՛ռք ու պատիվ ձեզ, Հայոց բանակի քա՛ջ զինվորներ, որ զգոնությամբ, պատվով ու պատասխանատվությամբ հսկում եք մեր սահմանները, պաշտպանում հայրենի հողի ազնիվ մշակին ոսոխի նենգ գնդակից, պահպանում մանկան արդար քունն ու մեծի անդորրը, երկրի խաղաղությունը...
Շնորհավո՛ր ձեր տոնը և խորին շնորհակալությու՛ն ձեզ, մեր սիրելի՛ զինվորներ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ...