2019թ. նոյեմբերի 5-ին «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ուսանողներ հյուրընկալվեցին Մայր բուհում, որ իրականացվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի առաջարկով, մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համագործակցությամբ:

Մասնաճյուղից ԵՊՀ էին այցելել Արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանը, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, մարքեթինգային աշխատանքների համակարգող Արմինե Մելքումյանը և քսան ուսանող:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ աշխատաշուկայում ուսանողների մրցակցության բարձրացմանը և ընդհանրապես խորացնել Մայր բուհի ու մասնաճյուղի միջև համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը նշեց, որ ծրագրի օրակարգը կազմվել է այնպես, որ համալսարանում ուսանողների օրը լինի հնարավորինս հագեցած, մասնակիցները հնարավորություն ունենան ծանոթանալու աշխատաշուկայի պահանջներին և անհրաժեշտ հմտություններին: «Այս ձևաչափով համագործակցությունը Իջևանի մասնաճյուղի հետ առաջինն է, - ընդգծեց Կարինե Նազարյանը, - բայց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ամեն ինչ անելու է, որ նմանօրինակ համագործակցությունը շարունակական բնույթ կրի»:

Ուսանողներին ողջունեց ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը: Նա, շնորհավորելով ուսանողներին Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ այսօրվա ծրագիրը տեղի է ունենում ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակի միջոցառումների շրջանակում: «Դեռևս մի քանի ամիս առաջ, երբ մենք Իջևանի մասնաճյուղ այցելեցինք, անդրադարձանք նաև մասնաճյուղի ուսանողների ներգրավվածությանը միջազգային գործընթացներին»,- փաստեց Արթուր Իսրայելյանը՝ հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միջև՝ պարբերաբար մասնաճյուղ այցելելու և ծրագրեր ներկայացնելու, որոնց կարող են մասնակցել նաև Իջևանի մասնաճյուղի ուսանողները: Արթուր Իսրայելյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ցանկություն է հայտնել մասնաճյուղում կազմակերպել արևելյան 3 լեզուների՝ չինարենի, ճապոներենի և կորեերենի դասավանդում. «Մենք արդեն այդ համագործակցության ստեղծման ցանկության մասին հայտնել ենք ՀՀ-ում Չինաստանի և Կորեայի դեսպանություններին»:

ԵՊՀ պրոռեկտորն ուսանողներին խորհուրդ տվեց հատկապես ուշադիր լինել CV գրելու հմտությունների մասին դասախոսությանը՝ աշխատաշուկայում ճիշտ ներկայանալու համար:

Այնուհետև ուսանողները շրջայց կատարեցին ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում:

Թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը հյուրերին ներկայացրեց համալսարանի հիմնադրման պատմությունը, անվանի պրոֆեսորների ընծայագրերով հազվագյուտ գրքերն ու գիտական աշխատությունները, բուհի պատմությանը վերաբերող արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, ֆիլմեր: Ուսանողները ծանոթացան նաև 100-ամյա ԵՊՀ-ում պահվող բացառիկ նմուշներին:

Շրջայցից հետո ուսանողներին ողջունեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը և նրանց համար անցկացրեց «CV գրելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դաս-քննարկումը: Նա ուսանողներին ներկայացրեց հարցազրույցների ընթացքում հաճախ տրվող հիմնական բարդ հարցերը, կարևորեց տվյալ կազմակերպության և դրա գործունեության վերաբերյալ թեկնածուների իրազեկվածությունը, ինչպես նաև հագուստի ճիշտ ընտրությունը:

Այնուհետև կենտրոնի աշխատակից Արմինե Հաջաթյանը խոսեց ճիշտ և մրցունակ CV կազմելու գաղտնիքների մասին:

Ծրագրի շրջանակներում ուսանողները հանդիպեցին նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ ՄՌԿ բաժնի ղեկավար  Աշխեն Պողոսյանի հետ, ով ուսանողներին ծանոթացրեց հարցազրույցին պատրաստվելու և ներկայանալու նրբություններին, իսկ եթե արդեն ընդունվել են աշխատանքի, ինչպես ընտելանալ ընկերության աշխատաոճին:

Հանդիպման ընթացքում ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին հարց ու պատասխանի ձևով քննարկման, տեղեկացան մեկ թափուր հաստիքի մասին, վերջում իրենց գոհունակությունը հայտնեցին հանդիպման կազմակերպիչներին:

ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանը, շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին, մասնավորապես նշեց, որ շատ արդյունավետ և օգտակար օր անցկացրեց ԵՊՀ-ում. «Ծրագրի մասնակցությունից հետո միանշանակ ինձ համար արդեն ավելի հեշտ կլինի ինտեգրվել աշխատաշուկայում, քանի որ սեմինարավարները նաև որպես գործատուներ մանրամասն բացատրեցին, թե ինչպես պետք է CV գրել, ինչպես ներկայանալ հարցազրույցին և հետագայում կայանալ որպես լավ մասնագետ»:

Հանդիպման վերջում շրջանավարտների և արտաքային շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը ևս շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են Մայր բուհ-մասնաճյուղ համագործակցության խորացմանը, հույս հայտնեց, որ այդպիսի համատեղ ծրագրեր հաճախակի կիրականացնեն:

Spread the article
©2024 All rights reserved.