2019թ. սեպտեմբերի 12-15-ը Ստեփանակերտում կայացավ ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված՝ «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը, որը կազմակերպել էր «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը ԵՊՀ-ի և Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հետ համատեղ:
Գիտաժողովի նպատակն էր քննարկել հայոց պետականության հետ կապված արդիական հիմնախնդիրներ, խթանել ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների գիտական գործունեությունը, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև Արցախը դարձնել գիտական հիմնախնդիրների քննարկման տարածաշրջանային և միջազգային կենտրոն:
Միջազգային գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի, Արցախի և օտարերկրյա բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտներ, հայցորդներ, երիտասարդ գիտնականներ ու մասնագետներ:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից գիտաժողովին մասնակցեցին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանը և Վլադիմիր Պողոսյանը:
Գրիգոր Բալասանյանը հանդես եկավ «2019 թ. Հայաստանի նախագահության տարին ԵԱՏՄ-ում. նոր հնարավորություններ Արցախի համար» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման համատեքստում:
Վլադիմիր Պողոսյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հեռանկարները Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու (ՄՃՏԳ) ձևավորման համատեքստում» թեմայով զեկուցում՝ այդ երկու խոշոր տնտեսական նախագծերի համապատկերում անդրադառնալով ՀՀ և Արցախի Հանրապետության տնտեսական և ներդրումային քաղաքականության առաջնահերթություններին ու հնարավոր քաղաքական զարգացումներին:
Միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն այցելել Արցախի Հանրապետության պատմամշակութային վայրեր, այլև մասնակցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպման, որի ընթացում քննարկվեցին ինչպես հակամարտության կարգավորման հիմնախնդիրները, այնպես էլ Արցախի տնտեսական և ներդրումային քաղաքականության բարելավման ուղիներն ու հնարավորությունները: