2019թ. հուլիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ` Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:
Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, Ուսումնամեթոդական վարչության աշխատակիցները:
Ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության՝ 2018-19 ուսումնական տարվա գործունեությանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:
2018-19 ուստարում ՈՒՄՎ կողմից իրականացված գործունեության մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչությունն իր գործունեությունն իրականացրել է ըստ հաստատված աշխատանքային պլանի, որը բխում է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրից:
Սահմանված ժամկետում վարչության կողմից, ըստ կրթական ծրագրերի չափորոշիչների, ստուգվել են թվով 8 կրթական ծրագրեր, դեռևս ընթացքի մեջ է «Դիզայն» կրթական ծրագիրը:
Ուսանողների տեղեկացվածությունն ապահովելու նպատակով լրամշակվել են առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների 2019-2023 թթ. և 2019-2024 թթ. համար նախատեսված «Կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույց և դասընթացների տեղեկագիրք» տեղեկատվական ձեռնարկները: Ընթացքի մեջ են «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերը:
Ֆակուլտետների և մասնագիտական ամբիոնների հետ համատեղ «SuperVision YSU» համակարգի միջոցով կազմվել են ուսումնական պլանները, աշխատանքային ուսումնական պլանները, ամբիոնների ժամերի հաշվարկները, դասախոսների ուսումնական բեռնվածությունները, ըստ ֆակուլտետների դասատախտակների համապատասխանելիությունը, ժամավճարային հիմունքներով դասավանդող դասախոսների ժամերի հաշվարկները, առարկայական մուտքերի կատարողականի հաշվարկները:
Կազմվել են քննաշրջանի ամենօրյա ժամանակացույցներ: Ընթացիկ քննությունները և ամփոփիչ ատեստավորումը իրականացվել են տեսախցիկներով վերազինված 4 լսարաններում:
Շարունակվել են ուսանողական շարժի հաշվարկման և վերահսկման գործընթացները: Աշխատանքներ են տարվել սովորողների՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու, ազատման, տեղափոխման, վերականգնման, հիվանդությունների պատճառով տարկետման, ինչպես նաև ուսումնական գործընթացին առնչվող այլ հրամանների ուղղությամբ:
Իրականացվել է ԵՊՀ ԻՄ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման գործընթացը՝ առաջնորդվելով գործող կանոնակարգով:
Ըստ մեկ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքների՝ պետության կողմից ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ տրամադրվել է ուսանողական նպաստ 116 ուսանողի, կատարվել է ընդհանուր 17 փոխատեղում: Կրթաթոշակ է տրամադրվել 1-ին կիսամյակում 101 ուսանողի, 2-րդ կիսամյակում՝ 140 ուսանողի:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` բուհի վճարովի համակարգում սովորող ուսանողներին հատկացվել է ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, որից օգտվել են սոցիալապես անապահով 80 ուսանող, սահմանամերձ համայնքի բնակիչ 225 ուսանող:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր ֆինանսական միջոցներից 2018-2019 ուստարվա կտրվածքով ուսանողական նպաստի ձևով տրամադրել է 100% փոխհատուցում 13 ուսանողի, կատարել ուսման վարձավճարի 286 մասնակի փոխհատուցում (քառօրյա պատերազմի մասնակից 23 ուսանող, տնօրենի հայեցողությամբ՝ 140 ուսանող):
Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել և իրականացվել են մանկավարժի որակավորման լրացուցիչ դասընթացներ՝ 5 կրթական ծրագրերով («Պատմություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»), որոնց մասնակցում է ԵՊՀ ԻՄ-ի 77 ուսանող (II կուրս՝ 45 ուսանող, III կուրս՝ 32 ուսանող), մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել առաջին կուրսի 22 ուսանող:
Թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցման համակարգերում առցանց եղանակով իրականացվել են դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողների կիսամյակային հարցումները (ամփոփված են I կիսամյակի հարցումների արդյունքները, II կիսամյակի հարցումները դեռևս ընթացքի մեջ են), ինչպես նաև ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանավարտների ամենամյա հարցումները:
Հաշվետու ուստարվա I կիսամյակի հարցումներին մասնակցել են մասնաճյուղի՝ առկա ուսուցման 342 ուսանողներ (ուսանողական հիմնական համակազմի 61.73 %-ը), հեռակա ուսուցման 347 ուսանողներ (ուսանողական հիմնական համակազմի 40.58 %-ը):
2018-2019 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ ամփոփիչ ատեստավորումը մասնաճյուղում իրականացվել է հաստատված գրաֆիկի համաձայն սույն թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 23-ը, որի մասին հաշվետվությունը ներկայացվել է ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի նիստում:
Տվյալ ուստարում առկա և հեռակա ուսուցմամբ մասնաճյուղն ունեցել է ընդհանուր 377 շրջանավարտ, այդ թվում առկա ուսուցմամբ` 154 շրջանավարտ (38 անվճար, 116 վճարովի) և հեռակա ուսուցմամբ` 223 շրջանավարտ, որոնցից 6-ը նախորդ տարիներից:
Գերազանցության դիպլոմ ստացել է 22 շրջանավարտ (20 առկա, 2 հեռակա):
Առաջին փուլով մագիստրատուրա կրթական աստիճանում ուսումը շարունակելու համար հայտ է ներկայացրել 16 շրջանավարտ:
Հաշվետու ուստարում ևս ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալությանն են ներկայացվել 3-ԳՄ ձևաչափերով հաշվետվությունները, որոնք ներառում են ուսանողների և շրջանավարտների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմին առնչվող տեղեկատվություն: Ուսանողների առաջադիմության վերաբերյալ տվյալները, ըստ ուսուցման ձևերի՝ անվճար, վճարովի, ընդհանուր (ձև 34) և (ձև 10), ամփոփվել և ներկայացվել են ԵՊՀ:
Համաձայն ՈՒՄՎ ՄԿՊԿ բաժնի 2018-2019 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանի՝ բաժնի կողմից իրականացվել են 38 պրակտիկաներ (առկա ուսուցմամբ՝ 6 ուսումնական, 9 արտադրական /մանկավարժական/, 7 արտադրական, հեռակա ուսուցմամբ` 4 ուսումնական, 7 արտադրական, 5 արտադրական /մանկավարժական/), որոնց մասնակցել են 831 ուսանողներ:
Ուսանողների պրակտիկայի կազմակերպման մասին 39 պայմանագրերից 9-ը կնքվել է 2018-2019 ուստարում, բացի այդ՝ ձեռք է բերվել մեկ համաձայնագիր:
ՄԿՊԿ բաժնի կողմից իրականացվել է ԵՊՀ-ի կողմից կազմակերպված՝ 2019թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը, որին մարզի 34 հանրակրթական դպրոցներից մասնակցելու հայտ են ներկայացրել 268 աշակերտներ, մասնակցել՝ 235-ը: Օլիմպիադայի 2-րդ փուլ է անցել 27-ը, որոնցից 2-ը արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի, 18-ը՝ գովասանագրի:
2018-19 ուստարում Տավուշի և հարակից մարզերի ավագ և միջնակարգ դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություներում ՄԿՊԿ բաժինն իրականացրել է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ: ԵՊՀ ԻՄ կողմնորոշված դպրոցների շրջանավարտների թիվը (216, որից 200-ը՝ հստակ կողմնորոշված, 16-ը՝ մասնակի կողմնորոշված), համապատասխանում է ԵՊՀ ԻՄ-ի դիմորդների թվին:
Հաշվետու ժամանակահատվածում Ուսումնամեթոդական վարչության գործունեության վերաբերյալ ՈՒՄՎ պետի հաշվետվությունը տնօրենության նիստի ընթացքում ընդունվեց ի գիտություն, իսկ վարչության գործունեությունը գնահատվեց բավարար: