2019թ. մայիսի 10-ին և 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Կրթական հետազոտությունները բուհական համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը վարեց Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, կրթության փորձագետ Մարինա Գալստյանը:
Դասընթացի նպատակն էր կրթական հետազոտությունների վերաբերյալ մասնակիցներին տրամադրել բազային գիտելիքներ, ինչպես նաև ձևավորել հետազոտություններ իրականացնելու գործնական հմտություններ:
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի անդամները:
Դասընթացը բաղկացած էր 2 մոդուլից՝
Մոդուլ I. ԿՀԿ/ Կրթական հետազոտությունների հայեցակարգը,
Մոդուլ II. ԿՀՊ/Կրթական հետազոտությունները պրակտիկայում:
Դասընթացի առաջին օրը մասնակիցները ծանոթացան կրթական հետազոտությունների պատմությանը, զարգացման փուլերին, տեսամեթոդաբանական հիմքերին, հետազոտությունների տեսակներին, ինչպես նաև կրթական հետազոտություններում հանդիպող էթիկական խնդիրներին և դրանցից խուսափելու համար էթիկական սկզբունքներին: Դասընթացի ժամանակ քննարկվեցին նաև բուհի համար արդիական մի շարք հարցեր, որոնք կարող են հիմք ծառայել հետագա կրթական հետազոտությունների համար (բուհի դիմորդների թվի փոփոխությունների վրա ազդող գործոնները, բուհի շրջանավարտների մասնագիտական հմտությունների նկատմամբ գործատուների գոհունակությունը և այլն):
Երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան կրթական հետազոտությունների իրականացման փուլերի հաջորդականությանը, պլանավորման համար անհրաժեշտ քայլերին, ինչպես նաև ստացան նախնական գիտելիքներ կրթական հետազոտությունների ժամանակ կիրառվող մեթոդների (խմբային քննարկում, հարցազրույցներ, դիտարկում և այլն) վերաբերյալ: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան իրականացնելու գործնական աշխատանք խմբերով՝ 1.մշակելով կրթական հետազոտության ծրագրի նախնական հայեցակարգեր (ուսանողների գոհունակությունը պրակտիկաներից), 2. միասնական ընդունելության քննությունների արդիականությունը ըստ տարբեր շահագրգիռ կողմերի գնահատականի, 3. աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն՝ Տավուշի մարզի օրինակով: