2019թ. մայիսի 7-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2008թ. շրջանավարտ, «Տավուշի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «ՍՕՍ−Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի մանկավարժ Նարեկ Հովհաննեսի Վարշամյանի հետ:
- Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:
- Ծնվել եմ 1987թ. հուլիսի 31-ին Իջևանում:
- Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:
- Հայրս Իջևանից է, մայրս՝ Արցախի Դրմբոն գյուղից։ Հայրս մասնագիտությամբ պատմաբան է, մայրս տնտեսագետ է եղել:
Ամուսնացած եմ, ունեմ 2 դուստր: Կինս նույնպես Իջևանից է, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ է՝ մասնագիտությամբ դիզայներ:
- Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:
- Մանկուց երազել եմ դառնալ բիզնեսմեն, սակայն մինչև այժմ կյանքը այլ հունով է տարել:
- Ի՞նչ կրթություն եք ստացել:
- Բակալավրական կրթությունս ստացել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ ձեռք բերելով մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և մանկավարժության բակալավրի աստիճան: Մագիստրատուրան ավարտել եմ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ Հանրային կառավարման ֆակուլտետում:
- Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
- ԵՊՀ ԻՄ-ը ինձ տվել է գիտելիք, ավելին սովորելու ցանկություն: Ձեռք եմ բերել մի շարք նոր հատկանիշներ, որոնցից առանձնանցնեմ 2-ը.
- Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:
2013 թվականից «Տավուշի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահն եմ:
2010 թ.-ից աշխատում եմ «ՍՕՍ−Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղում՝ որպես մանկավարժ:
2008-2009 թթ. աշխատել եմ Բրիտանական Կարմիր խաչում՝ որպես երիտասարդական բաժնի ղեկավարի օգնական:
- Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:
- «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը: Առհասարակ սիրում եմ պատմական իրողությունների մասին նմանատիպ գրքեր կարդալը: Կարծում եմ, որ այդպես պետք է ձևավորել արդի հայ մարդու արժեքային համակարգը:
- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
- Anthony Bruno - “Seven” դետեկտիվ գիրքը: Ծանր ընթերցանություն է, սակայն այդ գիրքն ինձ առաջին հերթին հետաքրքրել է անգլերենի քերականության տեսանկյունից:
- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:
- Սիրում եմ դասական երաժշտություն, ինչպես նաև արտասահմանյան փոփ և ջազ: Երաժշտությունն ինձ համար ունի որոշիչ նշանակություն: Այն ինձ համար մոտիվացիայի աղբյուր է: Ծանր որոշումներ կայացնելիս հնարավոր է երկար լսեմ Վիվալդիի 4 եղանակները: Առանձնակի համակրանք ունեմ “Vincent” (Don Mclean) երգի նկատմամբ:
- Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:
- Այստեղ պատասխանը միանշանակ է՝ «Մատրիցա»։
- Ունե՞ք նախընտրելի մարզաձև:
- Սիրում եմ ֆուտբոլ (երկար տարիներ երկրպագում եմ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբին), սեղանի թենիս և մեծ թենիս, որ առաջին անգամ խաղացել և ինձ համար բացահայտել եմ 10 տարի առաջ: Մեծ թենիսն ինձ միանգամից գրավեց:
- Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:
- Հայաստանում շատ եմ սիրում Կիրանց վանքը և իր շրջակայքը: Արտերկրում սիրած վայրերը Իռլանդիան և Շոտլանդիան են: Եթե ավելի մանրամասն պատասխանեմ, սիրում եմ քայլել Հյուսիսային Իռլանդիայի Բանգոր քաղաքի Իռլանդական ծովի ափեզրին: Սիրում եմ նաև Էդինբուրգը, որտեղ քայլելիս կարծես միջնադարում հայտնվես:
- Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:
- Մարդկանց մեջ միշտ գնահատել եմ ազնվությունը, անկեղծությունը և արդարության զգացումը:
- Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:
- Իմ ամենանախընտրելի ասույթը Էլեոնոր Ռուզվելտի հետևյալ խոսքերն են. «Ապագան պատկանում է նրանց, ովքեր իրապես հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը»:
- Ի՞նչ երբեք չեք անի:
- Երբեք չեմ դավաճանի:
- Ինչի՞ց եք վախենում:
- Կարծում եմ՝ միակ բանը, որից մարդը պետք է վախենա և հաղթահարի, հենց վախն է ինքին:
- Ինչի՞ համար եք ափսոսում:
- Ափսոսում եմ, որ կյանքում ավելի հաճախ ռիսկի չեմ դիմել:
- Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:
- Խիղճը, սկզբունքները և իրավիճակը վերլուծելու ունակությունը:
- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
- Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը ընտանիքս է: Հատկապես ամենադժվար իրավիճակներում մշտապես ունեցել եմ ընտանիքիս աջակցությունը, նույնսիկ երբ հաջողելու հավանականությունը շատ փոքր էր:
- Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր բանաձևը:
- Անել ուժերիդ առավելագույնի չափով՝ հավատալով, որ կհասնես հաջողության:
- Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:
- Ցանկացած բան անելու համար ընդամենը պետք է սկսել գործել, քայլ անել:
- Ո՞րն է այն հիմնական խորհուրդ-պատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):
- Մի՛ վախեցեք սխալվելուց, սիրելի՛ ուսանողներ, քանզի չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Արե՛ք, փորձե՛ք և միանշանակ կհաջողեք:
- Շնորհակալ ենք հետաքրքիր հարցազրույցի համար:
Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ
կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: