2019թ. ապրիլի 21-23-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ «Հոգեբանական հիմնախնդիրներ. բնութագրերը, դասակարգման և ախտորոշման սկզբունքները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը, որին ներկա էին նաև ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, հ.գ.թ., դոցենտ Լ.Սարգսյանը, հ.գ.թ., ասիստենտ Ա.Քամալյանը, դասախոս Է.Սիմոնյանը, տվյալ մասնագիտության մի խումբ ուսանողներ:

Գիտաժողովը մեկնարկեց կլոր սեղան-քննարկումներով, որի ընթացքում Միացյալ Թագավորությունից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Իսրայելից և այլ երկրներից ժամանած հոգեբաններն անդրադարձան հոգեբանության խնդրի էությանը, անձի խնդիրների՝ ախտաբանական, սոցիալ-տնտեսական և այլ տեսակների տարբերակմանը, հոգեբանական խնդիրների դասակարգման անհրաժեշտությանն ու հնարավորությանը, մոդելներին ու տեսակների տարորոշմանը:

Ելույթ ունեցողները հիմնականում պրակտիկ հոգեբաններ էին, հոգեթերապևտներ, ովքեր շահագրգիռ քննարկում ծավալեցին հոգեբանական խնդիրների ախտորոշման, ախտանիշների ու համախտանիշների բացահայտման ռազմավարության, հոգեբանական խնդրի լուծումների շուրջ:

Այս տեսանկյունից իրենց մոտեցումները ներկայացրին Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Դմիտրի Լեոնտևը, Կազանի Հոգեկան առողջության խնդրի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Մենդելևիչը, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Դ.Կուկը, Յարոսլավի Կ. Դ. Ուշինսկու անվան ՊՄՀ-ի ընդհանուր և սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Վլ. Մազիլովը և ուրիշներ:

Նրանք կարևորեցին հոգեբանական հիմնախնդիրների  քննարկմանն ու դասակարգման համակարգի ստեղծմանը  նվիրված գիտաժողովի  անցկացումը՝ այդ խնդիրների դասակարգման համակարգի ստեղծման հնարավոր լուծումներ գտնելու Մանկավարժական համալսարանի փորձը համարելով խիզախ քայլ:

Մասնակիցները միակարծիք էին, որ կյանքի բոլոր ոլորտներում կան հոգեբանական խնդիրներ, դրանք շատ յուրօրինակ են, անհատական. «Ինչպե՞ս փնտրել խնդիրը. ոչ մի գրքում այս մասին գրված չէ, ինչպե՞ս որոշել՝ ո՞րն է խնդիրը, խնդիր կա՞, թե՞ չկա. մենք սովորում ենք մեթոդները՝ չիմանալով վերոհիշյալ  հարցերի պատասխանները…»:

Ամփոփելով խնդրի շուրջ արտահայտված եզրահանգումները՝ ՀՊՄՀ-ի հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը վստահեցրեց, որ արտահայտված գաղափարների շուրջ կմեկտեղեն բոլոր ջանքերը՝ հոգեբանական խնդիրների դասակարգման, հնարավոր լուծումներ գտնելու համար:

Եռօրյա գիտաժողովի ընթացքում քննարկեցին վերարտադրողականության արդի հիմնախնդիրներին, դրանց հոգեբանական առանձնահատկություններին, դեռահասների ոչ ֆորրմալ վարքի դրսևորման սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններին վերաբերող և այլ թեմաներ:

Գիտաժողովի ընթացքում մեր ուսանողները ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու հմտություններ, որոնք հնարավորություն ունեն կիրառելու իրենց  մասնագիտական գործունեության ընթացքում:

Spread the article
©2024 All rights reserved.