2019թ. մարտի 15-ին Իջևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» 4-ամսյա ծրագրի ամփոփումը:

Ծրագրում ընդգրկված էին 18-20 տարեկան 17  երիտասարդներ, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ են:

Նրանք հնարավորություն ստացան զարգացնելու և հզորացնելու իրենց գիտելիքներն ու կարողությունները քաղաքացիական-հասարակական ոլորտում, նոր մակարդակի հասցնելու ՏԻՄ-երիտասարդություն կապը և տեղական որոշումների մակարդակում լսելի դարձնելու երիտասարդության ձայնն ու առաջարկները:

Ծրագրի շրջանակներում  կազմակերպվել  են դասընթացներ, խմբի անդամների  կարողությունների և գիտելիքների հզորացում՝ շահերի պաշտպանության, կարիքների վերհանման ու հարցումների անցկացման, համայնքային ծրագրերի նախագծման ու իրականացման, որոշումների կայացման գործընթացում դերակատարների համագործակցության կայացման մեխանիզմների վերաբերյալ:

Մասնակիցները սովորել են, թե ինչպես պլանավորել շահերի պաշտպանության քայլերը, բացահայտել հիմնախնդիրը, քարտեզագրել առկա ներքին ու արտաքին ռեսուրսները, գնահատել կարիքները և այլն:  Նրանք երիտասարդների շրջանում իրականացրել են նաև հանրային հարցումներ, որոնց արդյունքների հիման վրա կազմել են առաջարկությունների փաթեթ՝ ՏԻՄ-երին ներկայացնելու համար:  

Իջևանի համայնքապետի և ավագանու անդամների հետ կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին նաև գործընկեր կազմակերպությունների՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության, ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներ, խումբը ներկայացրեց առաջարկություններ՝ համայնքում երիտասարդների ու ՏԻՄ-երի միջև համագործակցության խորացման նպատակով:  Առաջարկվում էր, օրինակ, Իջևան համայնքի բյուջեով  երիտասարդական  փոքր նախաձեռնությունների ֆինանսավորում հատկացնել՝ տեղական  դրամաշնորհների հայտարարման կարգով:

Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարևորեց  երիտասարդների նախաձեռնությունը, պատրաստակամություն հայտնեց համագործակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու: Նա նշեց, որ ավագանու հետ անպայման կքննարկեն առաջարկները և երիտասարդների հետ շփումները կդարձնեն ավելի հաճախակի:

Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

Ծրագրի ամենագլխավոր արդյունքն այն է, որ հիմք դրվեց երիտասարդների ու ՏԻՄ-երի միջև նոր համագործակցության, որը հնարավորություն կտա երկխոսության ծավալման, նոր գաղափարների քննարկման ու համայնքում երիտասարդների քաղաքացիական ակտիվության խթանման համար: Հավելենք, որ երիտասարդական աշխատանքի խթանմանն ուղղված «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» ծրագիրն իրականացվում է  «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020 թթ.) շրջանակներում՝ Իջևանի համայնքապետարանի  և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային  բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Spread the article
©2024 All rights reserved.