DSCN6048

 2019թ. մարտի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը հանդիպում էր կազմակերպել մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա էին մասնաճյուղի տարբեր ամբիոնների դասախոսներ, ՄԿՈԱ բաժնի որակի ներքին գործընթացներին աջակցող ուսանողական խմբի անդամներ։

Նախ ելույթ ունեցավ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը։ Նա նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 1.2.6. կետի պահանջներից ելնելով  (մշակել և ներդնել ակա­դեմիական ազնվու­թյունն ապա­­հովող մեխա­նիզմ­ներ՝ գրա­գողու­թյունը կան­խե­լու նպա­­տա­կով)՝ բաժինը հանդիպումներ է կազմակերպում ուսանողների և դասախոսական կազմի հետ։ Նշվեց, որ 2018թ. դեկտեմբերին ՄԿՈԱ բաժինը որակի ներքին գործընթացներին աջակցող իր աշխատանքային խմբի օգնությամբ նախ հանդիպումներ է ունեցել մասնաճյուղի առկա ուսուցման ուսանողների հետ։ Հանդիպումներն անցկացվել են ֆոկուս-խմբերով։ Բաժինը նպատակ ուներ ուսումնասիրելու և պարզելու մասնաճյուղում ակադեմիական ազնվության առկա մակարդակից ուսանողների բավարարվածությունը, վերհանելու ակադեմիական անազնվության դրսևորումների ու հետևանքների հետ կապված խնդիրները, հնարավորություն տալու ուսանողներին ներկայացնել իրենց առաջարկները համալսարանական միջավայրում ակադեմիական ազնվության պահպանման և անազնվության դեմ պայքարի վերաբերյալ: Այնուհետև կատարվել է հարցում,  որին մասնակցել են 4 ֆակուլտետների 47 ուսանողներ:

Մ.Ճաղարյանը, ներկայացնելով դասախոսների հետ հանդիպման օրակարգը, նշեց, որ այդ հանդիպման նպատակն է դասախոսական կազմի հետ նույնպես քննարկել գործող «ԵՊՀ ԻՄ ակադեմիական ազնվության կանոնակարգ»-ը` դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար: Դրանով նրանք կաջակցեն ազնիվ և արդար ուսումնառությանը և մասնաճյուղում ակադեմիական ազնվության մակարդակի բարձրացմանը, կօժանդակեն բաժնին ակադեմիական ազնվությունն ապահովող մեխանիզմների մշակման գործընթացում:

Ապա բաժնի մասնագետ Անահիտ Հովսեփյանը շնորհանդեսի միջոցով ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ակադեմիական ազնվության մակարդակի և «ԵՊՀ ԻՄ ակադեմիական ազնվության կանոնակարգ»-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ անցկացված ուսանողական հարցման արդյունքները և դրանց վերլուծությունը: Մասնավորապես շեշտվեց, որ, ըստ այդ արդյունքների, հարցմանը մասնակցած ուսանողների 83%-ը լիարժեք կամ մասնակի բավարարված է մասնաճյուղում ակադեմիական ազնվության մակարդակից։ Ապա ներկայացվեցին ուսանողների կարծիք-առաջարկները մասնաճյուղում ակադեմիական ազնվության մակարդակի բարձրացման ու ակադեմիական անազնվության դեմ պայքարելու ձևերի վերաբերյալ։ Նշվեց, որ բաժնում քննարկվել են ուսանողների արած առաջարկները, դրանցից առանձնացվել են ուշադրության արժանի մի շարք առաջարկներ, որոնք մասնաճյուղում ակադեմիական ազնվության մակարդակի վերաբերյալ դասախոսների կարծիքի ուսումնասիրության հարցաթերթի հետ ներկայացվել են ամբիոնների քննարկմանը:

Հանդիպման ընթացքում դասախոսները ողջունեցին ուսանողների իրատեսական կարծիքները և ուսումնական գործընթացում նաև սեփական թերացումներն ընդունելու կարողությունը:

Ապա տեղի ունեցավ բուռն քննարկում ակադեմիական ազնվության մակարդակի բարձրացման համար ուսանողների կատարած առաջարկների շուրջ: Դասախոսները ներկայացրին սեփական առաջարկները և պատկերացումները ակադեմիական անազնվության, նրա  դրսևորման ձևերի և կանխարգելման քայլերի վերաբերյալ: Ներկաների մեծ մասը իրատեսական և արդարացի չհամարեց (ըստ գործող կարգի) ակադեմիական անազնվության դրսևորումների համար ուսանողների նկատմամբ կտրուկ պատժամիջոցների կիրառումը:

Քննարկման մասնակիցները նշեցին, որ հարցաթերթում իրենք մանրամասն ներկայացրել են իրենց տեսակետները մասնաճյուղում ակադեմիական ազնվության ներկա մակարդակի վերաբերյալ, իրենց նկատած անազնիվ դրսևորումները և դրանք կանխելու իրենց քայլերը, իրենց կարծիքները ակադեմիական անազնվության դիմելու դրդապատճառների մասին, կատարել են առաջարկներ մասնաճյուղում ակադեմիական ազնիվ աշխատանքի (հատկապես ավարտական աշխատանքների) ապահովման և ակադեմիական ազնվության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը նշեց, որ բաժինը հանդիպումից և հարցման արդյունքներն ամփոփելուց հետո կվերանայի կանոնակարգը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով ակադեմիական անազնվության դրսևորման դեպքում պատասխանատվության ենթարկելու ձևերի վրա (կանոնակարգի 4-րդ կետի 3,4 ենթակետեր)։ Նա նաև նշեց, որ բաժինն այժմ աշխատում է Էթիկայի կանոնագրքի վրա, որը կներառի ակադեմիական ազնվություն և անազնվություն գաղափարների սահմանումները, անազնվության կանխարգելման ձևերը, էթիկայի նորմերը և էթիկական վարքագծի կանոնները, որից հետո կանոնակարգը գործածությունից կհանվի։

Spread the article
©2024 All rights reserved.